Հայաստանի քաղաքացիական ուժը կենտրոնանում է հունիսի 20-ին վճռական որոշմամբ Հայաստանում քաղաքացիական իշխանությունը վերահաստատելու համար, այսօր Իջևանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատերազմ սկսեց, որովհետև եթե նախկինում ՀՀ-ն թուլանում էր, իսկ իրենք՝ ուժեղանում, ապա 2018 թ. հետո Հայաստանը մեծ տեմպերով զարգանում էր: «2019 թ. մենք աննախադեպ տարի ենք ունեցել ՀՀ-ում: Հայաստանը եվրասիական տարածաշրջանում գրանցել է ամենամեծ տնտեսական աճը: 2019 թ. արդյունքներով մենք 1 մլրդ դոլարով ավելացրել ենք ՀՀ պետական բյուջեի եկամուտները: Մենք 2019 թ. 1 մլն 200 հազար մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ենք բարձրացրել, 2019-20 թթ. ՀՀ-ում կառուցվել են տասնյակ-հարյուր կիլոմետրերով ճանապարհներ, որ տասնյակ տարիներ չէին վերանորոգվել»,- ասաց Փաշինյանը: Նա շեշտեց, որ կառուցվել են բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ, բայց դրանք չեն արել քվեի համար, այլ՝ արել են հանուն քաղաքացու:
Նա շեշտեց, որ հունիսի 20-ին ոչ թե իրենց, այլ՝ քաղաքացու գնալ-մնալու խնդիր է դրված: Ըստ Փաշինյանի՝ իրենց նախորդ հեղափոխությունն ուշացել է, բայց նոր հեղափոխությունը չպետք է հետաձգվի: «Այո՛, ժողովրդից ստացած պողպատե մանդատով պետք է ՀՀ-ում հաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա, պետք է երկրի օրգանիզմը կառուցենք երկաթե հենքի վրա, պողպատե ողնաշարով, պողպատե ձեռքերով՝ երկրում իրականացնելով պողպատե, բայց ճշգրիտ կառավարում: Եվ դրա համար, այո՛, մենք ակնկալում ենք նորովի և նորացված մանդատ մեր ժողովրդից և հույս հայտնում՝ հունիսի 20-ին կգնաք ընտրական տեղամասեր արձանագրելու, որ ՀՀ-ում ապագա կա՛»,- նշեց նա: