«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմքում ազգայինն ու քրիստոնեականն է: Մտել են պայքարի մեջ գիտակցաբար և խորհրդարան անցնելու հույսով: Մեծ մասամբ փաստաբաններից կազմված նորաստեղծ կուսակցությունը պնդում է՝ մարդիկ պառակտվել են, հիմա իրենք քաղաքականություն են մտել՝ միասնության կոչով: Հայաստանի համար կարևորագույն հարցերից մեկը սահմանային կայուն վիճակի ապահովումն են համարում:
Վրեժ Խաչիկյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն) - Եթե ուզում ենք մեր սահմաններն ամրապնդվի, պետական ամբողջ պետության թիվ մեկ ծրագիրն այն պիտի լինի, որ համախմբված ստեղծի յուրաքանչյուր տարածքում միավորներ՝ ռազմական միավորներ այն անձանցից, որոնք ցանկանան, որոնք հարկ եղած պահին պետության կազմակերպվածության արդյունքում համախմբված կերպով տվյալ սահմանագծում հանդես կգան: Պետք է պատրաստ լինեն պայքարելու, ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմելու, ինչն այսօր չի արվում:
Պատերազմի ընթացքում, դրանից հետո գերիների վերադարձի հետ կապված հարցերում Հայաստանը Եվրոպայից ոչ մի օգնություն չստացավ՝ պնդում է կուսակցության հիմնադիր-անդամ Վրեժ Խաչիկյանը: Հավելում՝ այսօր մենք սահմանը միայն Ռուսաստանի օժանդակությամբ ենք կարողանում պահել:
Վրեժ Խաչիկյան - Բայց դա չի նշանակում, որ պետք է հույսներս դնենք միայն իրենց վրա, մեր մեծ եղբոր վրա, և պետք է քնած վիճակում մտածենք՝ լավ է՝ ադրբեջանցին ու թուրքը Երևան չեն հասել դեռ, լավ է՝ սահմանները կբացենք, մի քիչ էլ բիզնես կանենք, փող կաշխատենք, այդ որոշ հարուստ մարդիկ հայրենիք չունեն, նրանք փող աշխատելու համար են: Մեր խնդիրն այսօր, այո՛, աշխատելն է, իրավական բոլոր լծակները միջազգային բոլոր ատյաններում օգտագործելն է, սակայն ես չեմ վարանում ասել՝ ուժից է ծնվելու իրավունքը, ուժ ունենք, այդ ուժը պետք է ցույց տանք:
Գերիների վերադարձը ևս պետք է պետական մակարդակով լինի, այլ ոչ թե այդ հարցով ոգևորված աշխատեն միայն ՀԿ-ները՝ դիրքորոշումն է ներկայացնում կուսակցության անդամ Տաթևիկ Բուջատյանը:
Տաթևիկ Բուջատյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն) - Նախ՝ գերիները չպետք է հետ տրվեին, հանցագործները հետ չպետք է վերադարձվեին, ուղղակի ես չեմ սիրում սկսել թերություններից, որովհետև դաշտը հիմա լցված է թերությունները մատնանշելով: Ի վերջո, այդ հարցը կարելի էր շատ արագ ու գրագետ լուծել:
Թե ինչպես կարելի էր արագ ու հեշտ լուծել այս հարցը, «Զարթոնքի» անդամներն այս հանդիպմանը չմանրամասնեցին: Ցանկացած քվե կուսկացության համար կարևոր է, վստահեցնում են՝ պատասխանատու են լինելու յուրաքանչյուր տրված ձայնի համար: