ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Երևանն է: Ամերիկացի պաշտոնյան այցը սկսել է ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Հայոց ցեղասպանության թեման քննարկվեց նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետի պաշտոնակատարը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում:
Ռիքեր-Փաշինյան հանդիպման կարևոր թեմաներից գերիների ու պահվող անձանց վերադարձի հարցն էր: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյան - Հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:
Հանդիպման օրակարգում նաև հայ-ամերիկյան երկկողմ գործակցությունն էր, Վաշինգտոնի պատրատասկամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Ռիքերը հիշեց նաև 2018-ի խորհրդարանի ընտրությունը՝ այն օրինակելի համարելով: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հետ զրույցի ընթացքում նա հույս է հայտնել, որ խորհրդարանի առաջիկա ընտրությունն էլ կանցնի արդար:
Ռիքերը նշել է. Երևան է ժամանել երկրի մարտահրավերներին ծանոթանալու համար, որոնք առաջացել են՝ պայմանավորված 2020 թվականի համավարակով ու Հայաստանի համար ողբերգական իրադարձություններով։ Ամերիկացի պաշտոնյայի այցի վերջին հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ էր: Ռիքերը վերադարձել է Միացյալ Նահանգներ: