Առաջնային խնդիրը երկրի, սահմանի, ժողովրդի անվտանգությունն է՝ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, նշեց, որ առանց այդ խնդրի լուծման տնտեսական հեղափոխություն չի կարող լինել:
Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը սահմանային անվտանգության հաստատման միակ տարբերակը համարել է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը:
Ըստ Ծառուկյանի՝ յուրաքանչյուր մարզ զարգացման իր հեռանկարն ունի։ Տավուշը, օրինակ՝ տուրիզմի, փայտամշակման, գյուղատնտեսության զարգացման վրա պետք է կենտրոնանա, մինչդեռ եղած ռեսուրսները, ըստ վարչապետի թեկնածուի, բավարար չափով չեն օգտագործվում:
Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ ցուցակի 1-ին համար) - Այս վտանգավոր տարածաշրջանում միայն ու միայն մեր ժողովրդի անվտանգությունը կարող ենք ապահովել՝ ռուս զինվորների հետ սահմանը պահելով: Այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարող շարժվել, այդ ժամանակ լիարժեք անվտանգ ու ապահով կլինեն և՛ ժողովուրդը, և՛ սահմանները: Այսօր սահմանամերձ բնակավայրերում երիտասարդությունը հեռանում է, մնում են ծերերն ու թոշակառուները, որոնք չեն ուզում իրենց տները լքել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ չպակասեն, սահմանը պինդ ու ամուր լինի: Պետք է տների լույսերը վառ լինեն: Սա նշան է հզորության, որ սահմանում կան մարդիկ, որոնք հզոր են, հերոս են, մնում են, պահպանում են, մշակում են, ժողովրդին են կերակրում: Գյուղնախարարությունը պետք է պարտադիր բացվի, դրա կողքին պետք է լինեն բանկեր, որոնք միայն գյուղացիների ֆինանսավորմամբ զբաղվեն: Տոկոսները պետք է նվազեն, թոշակները բարձրանան: Դրամն արժեզրկվել է, թանկացումների այս շրջանում մարդիկ 20000 դրամով ինչպե՞ս ապրեն՝ հոսանքը, ջուրը, գույքահարկը վճարեն, սնունդ գնեն: Գոնե 3-6 ամիսը մեկ պետք է ինդեքսավորեն, տեսնեն՝ ինչքան է թանկացել, դրամն ինչքան է արժեզրկվել, գոնե տարեկան թոշակները բարձրացնեն 10 տոկոսով, որովհետև մարդն աշխատել է, ջանք ու եռանդ չի խնայել, ծառայել է իր պետությանն ու երկրին, թոշակառուի տարիքում էլ ուզում է բարիքներից օգտվել: