Քաղաքացիները կառավարության իրականացրած բարեփոխումներին այսուհետև հնարավորություն կունենան ծանոթանալ մեկ հարթակում: Իրազեկվածության բարձրացման և բարեփոխումների նկատմամբ վերահսկողության ապահովման նպատակով ստեղծվել է Reforms.am կայքը: Նախագծի հեղինակը «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունն է:
Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող) - Բարեփոխումները չեն կարող լինել հանրությունից կտրված, և հանրությունը պետք է մասնակիցը լինի բարեփոխումների: Սա մենք փորձում ենք ինչ-որ չափով նաև իրականություն դարձնել կայքի միջոցով:
Այստեղ քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալ բարեփոխման համառոտ նկարագրությանը, գործընթացի պատասխանատու կառույցներին, բարեփոխումն իրականացնողներին և ոլորտի մասնագետների դիրքորոշումներին: Արդարադատության նախարարությունը կայքը երկու պատճառով է հատկապես կարևոր համարում:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ) - Քաղաքացիների իրազեկվածությունն ապահովող արդյունավետ գործիք է, մյուս կողմից՝ քաղաքացիական վերահսկողությունը բարեփոխումների իրականացման նկատմամբ ապահովող գործիք է: Այս երկու կարևոր ուղենիշներն են, որ նման նախաձեռնությունը դարձնում են և՛ օգտակար, և՛ ժամանակադեպ, և՛ կարևոր:
Կայքի ստեղծման ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալեյոնը ընդգծեց, որ Վաշինգտոնը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին աջակցում է Հայաստանին:
Ջոն Ալեյոն (ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն) - Վստահ եմ՝ այս կայքը կօգնի մեծացնել կառավարության գործունեության թափանցիկությունը, կբարձրացնի հաշվետվողականությունը: Կառավարության բարդ գործընթացների մասին տեղեկությունը պարզ և հասանելի ձևով կներկայացվի հանրությանը:
Reforms.am կայքում այժմ իրականացված բարեփոխումների վերաբերյալ 10 բաժին կա, սակայն առաջիկայում նախագծի հեղինակները նախատեսում են առնվազն կրկնապատկել բաժինների թիվը: