ԿԱԶԱՆՈՒՄ ՍԳՈ ՕՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Այսօր Կազանում սուգ է հայտարարվել: Երեկ քաղաքի գիմնազիայում նույն դպրոցի նախկին սան Իլնազ Գալյավիևը անկանոն կրակ էր բացել: 19-ամյա տղան հայտարարել էր, թե երկու ամիս առաջ իրեն Աստված է երևակայել ու սկսել է ատել բոլորին: Չարագործը օգտագործել է նույն տեսակի զենք, ինչ «Կերչի հրաձիգը» 2018-ին: Կազանի գիմնազիայում մահացել է 9 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա: 21 մարդ վիրավորվել է, որից 18-ը դարձյալ երեխաներ են: Երկուսի վիճակը ծանր է: Նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է խստացնել հրաձգային զենքի վաճառքի և գրանցման հսկողությունը:
ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ
Հրթիռային հարվածների փոխանակումն Իսրայելում չի դադարում: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ մեկուկես օրվա ընթացքում խոցել են Գազայի հատվածի մոտ 500 թիրախ, ոչնչացրել են նաև «Համասի» մի քանի բարձրաստիճան անդամի: Ըստ պաղեստինյան տվյալների՝ Գազայում զոհերի թիվը հասել է 35-ի, այդ թվում՝ 12 երեխա: Տուժել է ավելի քան 200 պաղեստինցի: Մի քանի հարյուր հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ միայն այսօր առավոտյան, իսկ, ընդհանուր առմամբ, ըստ Ցախալի, ավելի քան հազար: Հրեական պետությունում հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ արաբ ընտանիքի անդամներ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է, որ Գազայի հատվածում զինյալները «շատ թանկ կվճարեն»: «Համասի» ղեկավարներից մեկն էլ հայտարարել է. «Եթե Իսրայելը ցանկանում է սրել լարվածությունը, մենք պատրաստ ենք: Եթե ուզում է կանգ առնել, մենք էլ ենք պատրաստ: Եթե ուզում է ձեռքերը հեռացնել Երուսաղեմից, մենք դարձյալ պատրաստ ենք»:
ՄԵԿ ՕՐՈՒՄ 4205 ՄԱՀ. ԿՈՐՈՆԱՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ
Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում սահմանվել է կորոնավիրուսից մահերի նոր ռեկորդ՝ 4205 մարդ, գրանցվել է վարակի 348.400 դեպք, վարակակիրնեի թիվը հասնում է 23 մլն 300 հազարի: Սարսափելի վիճակ է հնդիկների համար սրբազան Գանգես գետում: Երկրի Բիհար նահանգի բնակիչները գետում հայտնաբերել են մոտ 100 դիակ, ամենայն հավանականությամբ՝ վարակակիրների մարմիններ: Հնդկաստանի իշխանությունները պահանջել են անհապաղ դադարեցնել մահացածների մարմինները գետ նետելը: