Արաբա-իսրայելական բախումներն ավելի են խորացել: Իսրայելական կողմը ավիահարվածներ է հասցրել «Համաս» խմբավորման հենակետերին այն բանից հետո, երբ Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող խմբավորումն ավելի քան 200 հրթիռ էր արձակել հրեական պետության ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Իրավիճակը սրվել էր Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի հարևանությամբ տեղի ունեցած անկարգություններից հետո: Երուսաղեմում և Արևմտյան ափին իսրայելցի զինվորականների ու պաղեստինցիների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 700 մարդ, այդ թվում մոտ 500-ը հոսպիտալացվել են:
Արաբա-իսրայելական հակամարտության հետևանքով մահացել է 24 մարդ, այդ թվում՝ ինը երեխաներ են:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է անվտանգության ծառայության ղեկավարների հետ և նշել, որ հակամարտությունը կարող է շարունակվել՝ չնայած ԱՄՆ-ը և Եվրոպան հանդարտության կոչ են անում:
Հրեական պետության ղեկավարն ընդգծել է, որ «Գազայի հատվածի ահաբեկչական կազմակերպությունը հատել է կարմիր գիծը»: