Վրաստանի Գորի քաղաքում, որտեղ ծնվել է Իոսիֆ Ստալինը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և տեղի բնակիչները պահանջել են վերադարձնել Խորհրդային Միության առաջնորդի հուշարձանը և սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով վրացական հեռուստաալիքներին:
«Ստալինը կոմունիստների աստվածն էր: Այսօր մենք նորից պահանջում ենք վերադարձնել առաջնորդի հուշարձանը: ԽՍՀՄ-ը դրախտ էր, որը Ստալինը ստեղծեց, այն պատճառով, որ միշտ աշխատատեղեր կային, այն ժամանակ մարդկանց ձերբակալում էին պարապության համար ... Մենք պետք է Ռուսաստանի հետ բարելավենք հարաբերությունները»,- ասել են նրանք:
Ցուցարարները հավաքվել էին Գորիում՝ Ստալինի տուն-թանգարանի դիմաց, իրենց ձեռքում պահելով առաջնորդի դիմանկարները, իսկ բժշկական դիմակների վրա գրված է եղել՝ ԽՍՀՄ:
Անկախ պետություն դառնալուց հետո Վրաստանում Ստալինի հուշարձաններից շատերն ապամոնտաժվեցին: Ըստ РИА Новости-ի՝ երկրում գործում է «Ազատության խարտիան», որն արգելում է խորհրդային խորհրդանիշների օգտագործումը հասարակական միջոցառումների ժամանակ: Վրաստանում մայիսի 9-ը հանգստյան օր է: