Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադանայի նահանգում տեղակայված Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման:
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող ավիաբազան փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատթարացման ժամանակահատվածներում, գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Hurriyet» թերթի սյունակագրին՝ Սեդաթ Էրգինին, օրինակ՝ շատ է հետաքրքրում, թե «Բայդենն ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջուկային մարտագլխիկները»: Նման վերնագրով իր հոդվածում վերլուծաբանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը, այնուամենայնիվ, չի փակի ռազմաբազան, քանի որ իր ենթակառուցվածքով Ինջիրլիքը մեծ նշանակություն ունի Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում: Ռազմաբազան կարևորվում է նաև Ռուսաստանին մոտ լինելու առումով, այն նաև մոտ է Մերձավոր Արևելքին:
Ինչևէ, թուրք վերլուծաբանը չի բացառել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են կարգավորման գործընթաց չմտնել և շարունակվել մնալ ճգնաժամային: Այդ դեպքում, Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումները, ըստ Էրգինի, ավելի կխորանան ամերիկյան հասարակության մեջ: