ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսել է, որ մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ անկախության օրը, երկրի 100 միլիոն քաղաքացի է պատվաստվելու, մի մասը՝ առաջին անգամ, մյուսը՝ երկրորդ: Ըստ Բայդենի տվյալների՝ այսօր ԱՄՆ բնակչության 56 տոկոսից ավելին ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, գրեթե 105 միլիոն մարդ ամբողջովին իմունացվել է, գրում է euronews-ը:
Հայրենակիցներին հորդորելով չհետաձգել պատվաստումները՝ Բայդենը ներկայացրել է համավարակի դեմ պայքարի նոր նպատակը:
«Երկու ամսից ամբողջ երկրում ընտանիքները նշելու են հուլիսի 4-ը: Մեր նպատակն է, որ մինչև այդ օրը, այսինքն՝ հաջորդ 60 օրվա ընթացքում, մեծահասակ ամերիկացիների 70%-ը առնվազն մեկ անգամ պատվաստվի, իսկ լրիվ պատվաստվածների թիվը հասնի 160 միլիոնի»:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ- ում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացել է ավելի քան 577 հազար մարդ: Վարակվածների թիվը 32 միլիոնից ավելի է: