Կորոնավիրուսի պատճառով երկու տարի անց Լոնդոնում անցկացվում է Մեծ յոթնյակի արտգործնախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը, որը կտևի մինչև մայիսի 5-ը: Այդ ընթացքում նախատեսվում է քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են վերականգնումը կորոնավիրուսի համաvարակից, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և Չինաստանի ու Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, նշում է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջինն է ժամանել Միացյալ Թագավորության մայրաքաղաք և հայտարարել. «Հաճելի է նորից լինել գործընկերների և դաշնակիցների շրջապատում»:
Լոնդոն մեկնելուց առաջ էլ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն ասել է, որ հանդիպումը մասնակիցներին կտրամադրի ԱՄՆ-ում իշխանափոխությունից հետո երկխոսությունը խորացնելու առաջին հնարավորությունը:
Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը նախատեսում է, բացի ընդհանուր ժողովից, առանձին բանակցություններ վարել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ:
Բացի «յոթնյակի» երկրների արտգործնախարարներից, հանդիպումներին մասնակցելու են նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ավստրալիայի, Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի ու Հարավային Կորեայի ներկայացուցիչները: