Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առավել ակտիվ է քննարկման թեմա դառնում հատկապես ապրիլի 24-ի նախօրեին: Բոլորը սպասում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում հավանական է համարվում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան ցնցումների մեջ է, ԱՄՆ նախագահի վարչակազմին սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ: Նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է.
«Ցեղասպանություն» բառն արտաբերելու դեպքում ծանր հարված կհասցնեն Թուրքիայի հետ հարաբերություններին, կծառայեն սփյուռքի՝ տարածաշրջանի կարգավորման գործընթացը գերի պահելու քաղաքականությանը և կվերացնեն տարածաշրջանի կարգավորման ողջ գործընթացը»:
Բրիտանական խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոթոնը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Նա հույս է հայտնել, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատում:
«Ցավում եմ, որ չեմ կարողանալու այս տարի ոգեկոչման արարողություններին ներկա լինել Երևանում, սակայն իմ հարգանքի տուրքը կմատուցեմ Լոնդոնում՝ տեղի հայ համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառմանը»:
Բրիտանացի օրենսդիրը հավատացած է, որ ի վերջո իր երկրի կառավարությունը կճանաչի հարյուրամյա պատմություն ունեցող բռնությունը, որի ընթացքում ժամանակակից աշխարհում առաջին ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից սպանվեց 1.5 մլն հայ:
Նման հույս ունեն նաև Իսրայելի առաջադեմ քաղաքացիները: Նրանք ընդունում են, որ Իսրայելն ունի աշխարհաքաղաքական հաշվարկներ, և դրանք չպետք է անտեսվեն, սակայն այն ունի նաև բարոյական պարտք, որից չպետք է ազատվի: Որպես ժողովուրդ, որն անցել է ցեղասպանության ու հետապնդումների միջով՝ հրեաները պատասխանատվություն ունեն կանգնել մյուս ժողովուրդների կողքին, ովքեր նման կոտորածներ են տեսել:
«Ժամանակն է հայերի հետ կատարվածը կոչել իր անունով՝ Ցեղասպանություն: Եվ կարիք չկա վախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որը «հակասեմական խառնակչի վարք է դրսևորում Մերձավոր Արևելքում: Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա պարզ մի օրենք է: Ժամանակն է, որ Կնեսետն ընդունի այն», գրում է The Jerusalem Post-ը: