Ռուսաստանում միգրացիոն ոլորտի խստացումներն առնչվում են նաև Հայաստանի քաղաքացիներին: Օրենսդրական որոշ փոփոխությունների մի մասն արդեն գործում է, մյուսը, միգրացիոն ծառայության առաջարկով, հանրային քննարկումների փուլում է: Ռուսական կողմը հայտարարել էր, որ ԱՊՀ տարբեր երկրներից անօրինական միգրանտները մինչև հունիսի 15-ը պետք է լքեն երկիրը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս պահին առանց փաստաթղթի Ռուսաստանում կա Հայաստանի մոտ 61 հազար քաղաքացի։ Եթե մինչև հայտարարված ժամկետը բոլորը կամավոր չլքեն Ռուսաստանը, նրանց նկատմամբ կկիրառվեն սանկցիաներ: Առաջիկայում սպասվում են այլ խստացումներ ևս:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - «Կան էլի բավական կոշտ խստացումներ, դրանցից մեկը, օրինակ, ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից. դրա մասին օրենսդրական փոփոխության ակտը հաստատվել է 2020 թ. դեկտեմբերի 8-ին: Խոսքը միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության և կարգը խախտելու պարագայում կիրառվող պատասխանատվության մասին է: Խոսքն այն մասին է, որ օտարերկրյա փոխադրողը երբ հատում է ՌԴ սահմանը, փոխադրողի ներկայացուցիչը եթե ունի չվճարած տուգանք, սահմանահատման պահից սկսած հնարավորություն ունի այն վճարելու և ճանապարհը շարունակելու, այլապես նրա մուտքը պարզապես կարգելվի: Ավելին՝ եթե ՌԴ տարածքում լինեն երթևեկության կանոնների խախտումներ ու կուտակվեն տուգանքները, ՌԴ-ից անցնելու հետ կապված վարորդը խնդիր է ունենալու և ստիպված է լինելու վճարել, հետո նոր շարունակել ճանապարհը»: