Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։
2020 թվականին 2019-ի համեմատ թունաքիմիկատներից թունավորման հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ (2019 թ. գրանցվել էր 120, 2020 թ.՝ 94 դեպք)։
Նախորդ տարի թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասն արձանագրվել է անփութության՝ անհատական պաշտպանիչ միջոցների բացակայության, ոչ ճիշտ մակնշման և պահպանման պատճառով, ինչպես նաև ծնողների անուշադրության հետևանքով:
Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է՝
• թունաքիմիկատի օգտագործումից հետո ձեռքերը և դեմքը լվանալ օճառով՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը.
• լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով.
• օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ).
• լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին.
• չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում.
• թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ.
• պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ մատչելի վայրերում.
• չպահել թունավոր նյութերը և հեղուկացրիչ սարքավորումները պատահական վայրերում.
• թունաքիմիկատի խառնուրդը պատրաստել լավ օդափոխվող տարածքում.
• չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։