Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Ղուրանի դասընթացները, արգելել դրանց կազմակերպումն ու անցկացումը՝ հիմնավորելով՝ դա հակասում է աշխարհիկության սկզբունքին, գրում է ahvalnews-ը:
Սահմանադրական դատարանի որոշման պատճառ է դարձել կիպրոսցիների մի մասի շրջանում առաջացած այն մտահոգությունը, որ Թուրքիայի կառավարությունը ձգտում է իր քաղաքական և ֆինանսական հնարավորություններն օգտագործել՝ բնակչությանն ավելի կրոնական դարձնելու համար:
Որոշումն արժանացել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների և այդ երկրի մոլեռանդ մուսուլման հասարակության սուր ու կոշտ քննադատությանը, այն որակվել է դատական հեղաշրջում՝ ընդդեմ կրոնի և դավանանքի ազատության:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը արձագանքելով թեմային, Twitter-ում նշել է, որ դատարանի վճիռը «գաղափարական և դոգմատիկ մտքի արդյունք է», ինչպես նաև «վտանգավոր խաղ Կիպրոսի թուրքերի համար»:
Լարվածության այս ֆոնին Հյուսիսային Կիպրոս է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: