Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ հարձակման է ենթարկվել իսրայելական Ray Shipping ընկերությանը պատկանող Hyperion Ray նավը, որը շարժվում էր Բահամյան կղզիների դրոշի ներքո: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Հարձակման հետևանքով բեռնանավը մի փոքր վնասվել է, նավի անձնակազմի անդամները չեն տուժել: Hyperion Ray-ն, սակայն, ստիպված կլինի մուտք գործել մոտակա նավահանգիստ՝ գնահատելու կրած վնասի լրջությունը և նավարկությունը շարունակելու ռիսկերը:
Իսրայելական կողմը հայտարարել է, որ նավի վրա արձակվել է իրանական հրթիռ, ամենայն հավանականությամբ՝ իրանական անօդաչու սարքից կամ մեկ այլ նավից: Ենթադրվում է, որ այս հարձակումով Թեհրանը պատասխանում է Իրանի Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտի վրա վերջերս կատարված հարձակմանը:
Իրանական կողմը պնդում է, որ Նաթանզի միջուկային օբյեկտի վթարի կազմակերպման գործում ներգրավված էին իսրայելական հատուկ ծառայությունները: