ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ Սլովակիայի խորհրդարանի ընդունած բանաձևին՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին:
Պատգամավորը հիշեցրեց, որ բանաձևում Սլովակիայի խորհրդարանը խստորեն դատապարտում է Արցախի խաղաղ բնակիչների սպանությունները, մշակութային կառույցների ոչնչացումը, մտահոգություն է հայտնում երրորդ երկրների ներգրավվածության առնչությամբ, շեշտում է, որ ԼՂ ապագա իրավական կարգավիճակի գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ ներքո, անդրադառնում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահմանը և կոչ է անում Սլովակիայի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին՝ ապահովել պատերազմական հանցագործությունների պատշաճ քննություն, աջակցել գերիների ազատ արձակմանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական դիվանագիտությունն ունի սահմանափակ գործիքակազմ՝ ես, որպես Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, իմ երախտագիտությունն եմ հայտնում սլավակ իմ գործընկերներին, հատկապես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին, որը նախաձեռնել էր այս բանաձևը:
Հույս եմ հայտնում, որ դրանում տեղ գտած կետերը կյանքի կոչելու քայլեր կտեսնենք մեր գործընկերների կողմից»,- ասաց Դանիելյանը: