ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խոր կսկիծով հայտնում է, որ ապրիլի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել ՀԽՍՀ և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ծառայության կայացման գործում։
Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ 1960 թ․ ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, իսկ 1976 թ․՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ 1973 թ․ ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ ստորաբաժանումներում և արտերկրում ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մարմիններում։ 1991-1993 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳ փոխարտգործնախարարի պաշտոնը։ 1993-1998 թթ. եղել է ՀՀ դեսպանը Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, իսկ 1998-2001 թթ.՝ ՀՀ դեսպանը Լիբանանում։
Այնուհետև Արման Նավասարդյանն իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է երիտասարդ դիվանագետների ու քաղաքագետների պատրաստման գործին՝ դասախոսական աշխատանք կատարելով Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում։ Արժեքավոր են նաև Արման Նավասարդյանի քաղաքական վերլուծությունները և հրապարակախոսական գործունեությունը։
Բազմափորձ դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արման Նավասարդյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Նավասարդյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։
Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։
Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն վայրից։