ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ուսուցիչների որակավորման բարձրացման հարցին, տեղեկացրել է, որ Հայաստանում այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա:
«Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարևոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան ենք տալիս ուսուցիչներին: Որովհետև համահարթեցման մոտեցումը տաղանդավորներին զրկում էր մոտիվացիայից՝ ինքնակատարելագործվելու և առաջ շարժվելու: Այս պրոցեսի արդյունքում մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք, ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնելու: Այսինքն՝ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե Կառավարությունը:
Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան»,- Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը: