ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, ասաց, որ այդ գործով կարող ենք արդեն գնահատել, որ իրավական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողված և տապալված է:
«Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ՍԴ-ն, դատական համակարգը, իրավապահ համակարգի այլ ինստիտուտներ, գերատեսչություններ ուղղակի ցույց են տալիս, թե հանցավոր համագործակցությամբ ինչպես են ընդունակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը՝ «Մարտի 1»-ի գործն ուղղակի տապալել, երբ, ըստ էության, կա հանցանքը, բայց չկա հոդվածը: Բայց կա 85 հատոր քրեական գործը, որտեղ ահռելի վկայություններ կան արդեն անմեղ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հանցակցության և այդ հանցագործությանը մասնակից լինելու վերաբերյալ: Եվ իհարկե, սա գործող իշխանության վերջին տարիների քաղաքականության անհետևողականության հետևանքն է»,- ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ երեկ դատարանի կայացրած որոշումն ամբողջությամբ քաղաքական էր:
«Դատական իշխանությունը, ինչպես արդեն ամիսներ շարունակ, դիրքավորվել է ընդդեմ Հայաստանի պետականության, ցույց է տալիս իր համակրանքը շատ որոշակի քաղաքական շրջանակի և քաղաքական գործչի նկատմամբ: Սա պատահական չէ, պատահական ընտրված չէ նաև ժամանակահատվածը»,- ասաց քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ժողովրդի իշխանության և այդ իշխանությունը խորհրդանշող Նիկոլ Փաշինյանի դեմ են: