ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը և այլն:
Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:
Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:
Վահե Դանիելյանն ասաց, որ դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանություն: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը:
Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում որոշում է կայացվել պետտուրքից ազատման արտոնություն սահմանել նաև զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների համար՝ ժառանգական վկայագիր ստանալու դեպքում:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց նախագծին, սակայն այս օրինագծի համար այս հանձնաժողովը գլխադասային չէ, ուստի նրա կարծիքը միայն խորհրդատվական է: Նախագծի ճակատագիրը կորոշի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը չորեքշաբթի կայանալիք նիստում:












