Զենքով ու երգով էին հայ զինծառայողները պաշտպանում Մեխակավանի դիրքերը: Ջրականի եկեղեցին զինվորների հոգևոր խրամատն էր:
Նարեկ Խաչատրյան (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող) - Ջաբրայիլի եկեղեցին շատ մեծ նշանակություն ունեցավ բոլոր զինծառայողների համար: Միշտ բարձրանում էինք եկեղեցի, աղոթում էինք, երգում էինք:
Ադրբեջանական վանդալիզմից առաջ եկեղեցում հնչած վերջին շարականներից է. Նարեկն է երգել զինակցի՝ օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանի հետ, որ զոհվեց պատերազմում:
Լորիս սարկավագ Անդրեասյան (ՀՀ ՊՆ հոգևոր առաջնորդության գնդերեց) - Եկեղեցին բացառիկ նշանակություն ուներ աշխարհագրական դիրքի առումով` 10 կմ դեպի հարավ և 20 կմ դեպի արևելք գտնվում էին իսլամական պետություններ, և սկսվում էր հազարավոր կիլոմետրեր ձգվող իսլամական աշխարհը: Իսլամական աշխարհի կողմից նայելիս առաջին քրիստոնեական եկեղեցին էր և մեր կողմից նայելիս՝ վերջին քրիստոնեական եկեղեցին:
«Մշակութային զինադադարն» Ադրբեջանը մերժում է պատերազմի ավարտի առաջին օրից, ավելին, ամենաբարձր մակարդակով փորձում ոչնչացնել ու պղծել հայկական հուշարձանները, խեղաթյուրել պատմական փաստերը, ջնջել հայկական արձանագրությունները:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ) - Արցախյան առաջին պատերազմից սկսած՝ մեր շարժումից սկսած, միշտ ասել ենք, որ մեր մարտահրավերները հոգևոր բնույթ չեն կրում, կրոնական չեն, բայց մենք տեսնում ենք, որ իրենց մոտ ոչ միայն կրոնական է, այլև ատելություն կա խաչի, կրոնի, լույսի նկատմամբ: Իրենք խուսափում են և վախենում խաչից:
Վերջին օրերին Ադրբեջանի վայրագ ձեռքը հասավ Մեխակավանի, Մատաղիսի եկեղեցիներին, Շուշիում Հայոց ցեղասպանության, Հայրենական ու Արցախյան պատերազմների զոհերի հուշարձանին: Ալիևը փորձեց աղավաղել Ծակուռի հայկական եկեղեցու պատմությունը:
Արցախի հոգևոր, մշակութային ժառանգությունն ադրբեջանական վանդալիզմից փրկելու համար շատ հուշարձաններ տեղափոխվեցին Մայր Աթոռ Սուրբ էջմիածին: Որոշ արժեքներ փրկվեցին պատերազմում կռվող զինվորների ձեռքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղափոխվեցին նաև Դադիվանքից նշանավոր խաչքարերը՝ կրկին վերադարձի ակնկալիքով ու հավատով:
Հայկական մշակույթի պահպանության հարցը դիվանագիտական դաշտում է: Երևանը խնդիրը ներկայացրել է միջազգային գործընկերներին: 2020-ի նոյեմբերին դիտորդական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը բոլորը ողջունեցին, մինչդեռ երկար ժամանակ Ադրբեջանը չարձագանքեց, փոխարենը, այդ երկրում սկսվեց հակաՅՈՒՆԵՍԿՕ-ական պայքար, Բաքուն կառույցին մեղադրեց կողմնակալ լինելու համար:
Արման Խաչատրյան (ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար) - Այսօր ունենք մի վիճակ, երբ կա նորից կոնսենսուս մինուս մեկч բոլոր կողմերը համաձայն են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ուղարկվի ԼՂ, 1954 թ. Հաագայի կոնվենցիայի զինված հակամարտությունների կոնվենցիայի դրույթներին համապատասխան, ինչը, սակայն, Ադրբեջանը կրկին քաղաքականացնում է, նորից նախապայմաններ, արհեստական դժվարություններ՝ սկսած մուտք, որտեղ պետք է այցելեն, սրբավայրերի անվանումների խեղումներ, նորից Ադրբեջանն ազնվորեն ներառված չէ գործընթացի մեջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության նպատակն է վտանգված հայկական ժառանգության պաշտպանությունն ու միջազգային լրացուցիչ մոնիթորինգի հաստատումը: Ադրբեջանը պետք է թույլ տա՝ եթե ոչ հայկական կողմը, գոնե միջազգային փորձագետներն այցելեն, գույքագրեն հուշարձանները:
Արման Խաչատրյան - Եկեղեցին անօրինական կառույց չի կարող լինել, աղոթավայր է, սրբավայր է, եթե քանդում, անհետացնում է՝ ասելով՝ անօրինական է, արժեքային խնդիր է: Այո՛, բոլոր ուղղություններով, օրակարգի տարրերից է, գործադիր խորհրդի նիստ է լինելու, բարձրացնելու ենք խնդիրը:
Արցախում պատմամշակութային, հոգևոր հուշարձանների ոչնչացման, պղծման, աղավաղման փաստերը Հայաստանը միջպետական գանգատով ներկայացրել է Եվրադատարան: Հայկական կողմը դա ներառել է միջպետական գանգատում, ներկայացրել հայատյացության դրսևորում:
Լիպարիտ Դրմեյան (ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Սեպտեմբերի 27-ին, երբ դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու, չթիրախավորելու որևէ քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ նաև պատմամշակութային օբյեկտները, Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումը, և նման միջոց կիրառված է, այն այս պահին էլ ուժի մեջ է, այսինքն՝ չի վերացվել այդ միջոցը:
Նարեկ Խաչատրյան - Երազում եմ նորից այդ եկեղեցին տեսնել վերականգնված:
Ադրբեջանական այս ոտնձգությունները Նարեկ Խաչատրյանը համարում է հավատքի հանդեպ խոշտանգում: Ադրբեջանը փորձում է ջնջել այն, ինչն անհնար է ջնջել: Երգում է հիմա նաև զոհված ընկերների փոխարեն: