«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ներկայացրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում թեկնածուին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ Հովեյանն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, Վերահսկիչ, ապա Հաշվեքննիչ պալատում՝ որպես 2-րդ և 3-րդ վարչության պետ:
Թեկնածուն ասաց, որ պետական ֆինանսների վերահսկողության ոլորտում աշխատում է արդեն 20 տարի, այդ տարիներին մասնակցել և ղեկավարել է բազմաթիվ ստուգումներ, վերահսկողական միջոցառումներ, հիմա արդեն՝ հաշվեքննություններ:
Գ.Հովեյանի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետի պաշտոնում, մասնավորապես, մասնագիտացել է տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեքննության ոլորտում: Նա ասաց, որ համայնքները բազմաթիվ խնդիրներ ունեն ֆինանսների կառավարման առումով, և բարեփոխումների անհրաժեշտություն կա:
«Այդ խնդիրը կարևորում եմ հատկապես այս՝ խոշորացված համայնքների ձևավորման փուլում և կարծում եմ, որ մարզերում նոր տեսակի հաշվեքննության իրականացման պահանջ կա, ինչը թույլ կտա ֆինանսական հատկացումները նպատակային օգտագործել»,- ընդգծեց թեկնածուն:
Նա նշեց, որ ընտրվելու դեպքում Կառավարությանը և ԱԺ-ին առաջարկելու է ավելի շատ ռեսուրս տրամադրել համայնքների հաշվեքննության համար:
Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ թեկնածուն նշեց, որ կառույցի հանրային վստահությունը բարձրացնելու համար պետք է հաճախ հանրայնացնել հաշվեքննությունների արդյունքները, ներկայացնել բացահայտված խախտումները:
Քննարկման ավարտին հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Գեղամ Հովեյանի թեկնածությանը: Այն կքննարկվի առաջիկա լիագումար նիստում: Թեկնածուն ընտրվելու է փակ գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր ձայների 3/5-ով: