Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմի ամենադաժան ճանապարհներով անցած այս տղաները զենք բռնած ու փոշուց ճաքճքած ձեռքերով մի օր էլ այսքան նուրբ աշխատանք կկատարեն: Տիկին Հելենը Միացյալ Նահանգներից Հայաստան է եկել հատուկ, հենց այս տղաների համար, որ նրանց արվեստին մոտեցնի, նրանց կողքին լինի: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է որպես կամավոր:
Արցունքներն անընդհատ փորձում է թաքցնել, բայց այսօր հույզերը մատնում են 30 տարվա մանկավարժին: Ոչինչ, այսօրվա արցունքները միայն երջանկության են: Մարտի 8-ի կապակցությամբ անակնկալ են պատրաստել ի՛ր տղաները: Բոլորն իրենն են: Նահանգներում ապրող իր որդիներն ու թոռները չեն նեղանա: Առայժմ այս տղաներին է մայրություն անելու: Ասում է՝ Հայաստանում կմնամ այնքան, մինչև տղաներս հերթով դուրս գրվեն:
Հելեն Առաքելյան, կամավոր - Պատերազմից հետո գիտեք, թե բոլորս ինչի միջով անցանք թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Եվ տեղս չէի կարողանում գտնել, չէի կարող Լոս-Անջելեսում մնալ: Ու այդպես եկա, խնդրեցի հանդիպել տղաներին, որպեսզի փոխանցեմ այն գեղեցիկը, ինչ որ ես կարող էի:
Տղաները կատակում են, թե «սկզբում մենք էլ չէինք հավատում, որ կարող ենք բան ու գործ թողնել, թիթեռ նկարել», բայց տիկին Հելենի սիրո ու ջանքերի շնորհիվ ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:
Հայկ Ժամկոչյան - Ճիշտն ասած՝ ես առաջին դասերին չեմ մասնակցել, իմ համար անհետաքրքիր էր, բայց երբ եկա, աշխատանքները տեսա, սիրահարվեցի այս գործին:
Երկրորդ անգամ կյանք ստացած այս տղաները հիմա երկրորդ կյանք են նվիրում թիթեռներին: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պատրաստվում են ցուցահանդես-վաճառքի: Ստացված հասույթը կենտրոնում բուժվող տղաների համար է: Տիկին Հելենը նաև հույս ունի, որ տղաներն այս ցուցահանդեսով կարևոր ուղերձ կհասցնեն մարդկանց:
Հելեն Առաքելյան - Սա ուղերձ է մարդկությանն ավելի լավը դառնալու: Չէ՞ որ թիթեռը թրթուռ վիճակում է, հետո դառնում է հարսնյակ, հետո թևերը բացում և ճախրում է: Մենք պետք է սովորենք թիթեռից: Շատ լավ կլիներ սովորեինք թիթեռից դառնալ կատարյալ, եթե ոչ կատարյալ, ապա գոնե ավելի լավը:
Բոլոր թիթեռներն իրական են՝ աշխարհի բոլոր գույներով ու երկրագնդի տարբեր ծայրերից: Առաջին հայացքից հեշտ թվացող այս աշխատանքը գիտելիք, անհավանական համբերություն, զգուշավորություն է պահանջում:
Պետրոս Էֆենջյան - Կողքից շատ հեշտ է թվում, բայց, իրականում, շատ բարդ աշխատանք է: Փշրվում են, դրա համար ամեն մի քայլը պետք է ուշադիր լինել: Բացի փշրվելուց, նաև վերանում է գույնը: Այստեղ կան թիթեռներ, որ թափանցիկ են ու շատ նուրբ:
Գևորգ Կարապետյան - Թիթեռները բերվում են չորացրած վիճակում, տվյալ տեսքը ստանալու համար հարկավոր է 1-2 օր: Արդեն բացելուց հետո լաքապատում ենք, որպեսզի չփտի և կազմում ենք կոմպոզիցիաներ:
Աշխատուժն արդեն համաչափ բաշխել են: Ամեն մեկն անում է այն, ինչ լավ է ստացվում: Այս կոմպոզիցիաներից ոչ մեկից երկրորդը չի կարող ստեղծվել: Բնության մեջ ոչ մի տեղ չեք գտնի նույն թիթեռից, ծառի նույն ճյուղից, նույն աշխատանքից: Սեյրանը թիմի PR մասնագետն է: Մեկ առ մեկ նկարում է բոլոր աշխատանքները, տեղադրում ինստագրամյան իրենց էջում:
Անկախ նրանից, թե որ աշխատանքն ինչ տեսք ունի, օրգանական ապակուց այս բոլոր տուփերի մեջ մի ուրիշ էներգիա կա: Մայրության ու գեղեկցության տոնին ընդառաջ, ապրիլի 3-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բոլորը վաճառքի կհանվեն: Ի՞նչը կարող է ավելի լավ նվեր լինել: Աշխարհի ամենաթանկը՝ զինվորի սերը, հավատը, կյանքի ու մահվան սահմանագիծը, վերածնվելու խորհուրդը ու մի ամբողջ կյանք խտացված է ապակյա մեկ փոքրիկ տուփի մեջ: