Բաղրամյան պողոտան բացելու մտադրություն չունեն՝ հայտնել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը: Հետագա անելիքները կորոշեն վաղը, դեռ սպասում են նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը՝ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ: Նրանք առաջարկում են նախագահին դիմել Սահմանադրական դատարան: Անդրադառնալով վարչապետի՝ արտահերթ ընտրության վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու առաջարկին՝ Սաղաթելյանը նշել է, որ իրենց շարժումը միայն մեկ օրակարգ ունի՝ վարչապետի հրաժարականը:
«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր այցելել են Եռաբլուր:
Իշխան Սաղաթելյան («Հայրենիքի փրկության շարժման» համակարգող) - «Ինչ վերաբերում է ընտրություններին, նախ, իմ կարծիքով, ինքը արտահերթ ընտրություն չի ուզում, դա ընդամենը բլեֆ է, նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է իր վերելքի վրա, ինքը կրկին ուզում է փոխել օրակարգը և մեզ մտցնել մի անիմաստ քննարկման մեջ: Եթե իրենք անկեղծ են, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա, և նշանակեն արտահերթ ընտրություններ: Ո՞ւր է բա»: