Հայաստանում կորոնաթվերը շարունակում են աճել ու արդեն գրանցվել են դեպքեր, երբ որոշ ժամանակ առաջ վարակված քաղաքացիների թեստը կրկին դրական է։ Դրանք կրկնավարակի դեպքեր են, թե մարդիկ Քովիդի նոր՝ մուտացված տեսակն են օրգանիզմ թողել, մասնագետները դեռ հետազոտում են։
-Հայաստանը սպասում է պատվաստանյութերին, բայց դրան զուգգահեռ, առողջապահության մասնագետները հորդորում են պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերն ու դիմակ կրել ու հիշեցնում, եթե անգամ ոչ Ձեզ, ամեն հինգերորդ վարակակրի մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում։
-Քաղաքացիների՝ նվազած զգոնության ու կորոնայի աճող թվերի մասին Ռուզաննա Վարդերեսյանի ռեպորտաժը։
Կանայք առայժմ կարող են տնտեսել դեկորատիվ կոսմետիկայի և հատկապես վառ գույնի շրթներկի գումարը: Անիմաստ ծախս է: Հայաստանում կորոնավիրուսի թվերը գնալով աճում են, իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է հորդորել. «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»: Ի դեպ, փրկելու և փրկվելու մասին: Եթե դիմակը կրում ենք այս՝ սպիտակ կողմով, նշանակում է պաշտպանում ենք ինքներս մեզ վարակվելուց: Առաջին րոպեներին մեզանից յուրաքանչյուրը կմտածի, որ ուրեմն դա է դիմակ կրելու ճիշտ ձևը՝ սպիտակ կողմը դուրս, բայց առավել գրագետ մոտեցումը, մասնագետների հավաստմամբ՝ այն է, որ բոլորս համատարած կրենք կապույտ կողմով, որպեսզի բոլորը բոլորից պաշտպանված լինեն:
Անգամ վարակված-առողջացած լինելը երաշխիք չէ, որ նորից չեք վարակվի: Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը փաստեց. կրկնավարակներ ունեն: Այսինքն դեռ պարզ չէ՝ այդ քաղաքացիները քովիդի նոր շտամով են վարակվել, հի՞նը դեռ օրգանիզմից դուրս չի եկել, թե երրորդ տարբերակ կա: Ամեն դեպքում նույն քաղաքացին երկրորդ անգամ դրական թեստով հայտնվել է հիվանդանոցում: Մինչև պատվաստանյութը Հայաստան հասնի, համաճարակային իրավիճակը կայուն պահելու գործիքները ոչ դեղորայքային պաշտպանիչ միջոցներն են,-պարզաբանեց առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավարը:
Եգոր Զայցև. ԱՀԿ ներկայացուցիչ, Հայաստանի գրասենյակի ղեկավար. «Մենք կարող ենք փորձել վերահսկել իրավիճակը՝ դիմակներ կրելով, ֆիզիկական հեռավորություն պահպանելով, ձեռքերի հիգիենայով, փռշտալիս կողքի թեքվելով և դեմքը ծածկելով»:
Վերջին երկու շաբաթում Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը նախորդ 14 օրվա համեմատ աճել են 55 տոկոսով:
Անահիտ Ավանեսյան. ՀՀ առողջապահության նախարար. «Եթե մենք հունվար-փետրվար ամիսներին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա ինչպես տեսնում եք, մենք արդեն մինչև 16 և հաջորդ շաբաթ մեր կանխատեսումներով այս թիվը կավելանա»:
Առողջապահության նախարարությունը սկսեց հագեցնել քովիդ հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը: Այս պահին արդեն կա 865 ծավալված մահճակալ, որից 808-ը զբաղված է: Առաջիկայում մահճակալների թիվը կավելանա,-հայտարարեց նախարարը և հորդորեց. եթե չենք ուզում, որ նորից սահմանափակումների վերադառնանք, պետք է սահմանված կանոններին հետևենք:
Անահիտ Ավանեսյան. ՀՀ առողջապահության նախարար. «Մարտի 8-ի հետ կապված ունենալու ենք բավականին շարժի ավելացում՝ և առևտրային կենտրոններում, և հյուրատներում, ուստի խնդրում եմ, հորդորում եմ և վերահսկողական մարմինների առանձնակի ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ տրանսպորտում, առևտրային կենտրոններում , հյուրատներում հստակ հսկողությունը իրականացվի: Անկախ հսկողությունից էլ մեր կարգապահությամբ պիտի ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը և ստեղծենք հնարավորություն՝ պահպանելու կառավարելիի շրջանակները»:
Նորք ինֆեկցիոնը, որ վաղուց բնականոն ռեժիմով էր աշխատում, կրկին վերադառնում քովիդով հիվանդների ընդունում-ախտորոշում-բուժում ռեժիմի: Մեր նկարահանման պահին այստեղ ընդամենը 4 մահճակալ էր ազատ:
Հովհաննես Մադոյան. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի տնօրեն. «Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության թվերի ավելացման հետ կապված մեր ծանրաբեռնվածությունը կտրուկ աճեց: Օրինակ՝ մոդուլային բաժանմունքը, որ 21 թվին արդեն փակել էինք ու չէինք օգտագործում՝ պացիենտ չունենալու պատճառով, էլի վերաբացել ենք և այս պահին ինքը ամբողջովին լիքն է»:
Ճիշտ է, ոլորտի պատասխանատուները արագ տեմպերով պայմաններ են ստեղծում, որպեսզի վարակի արագ տարածման դեպքում հիվանդները հոկտեմբեր-նոյեմբերի նման տանը չսպասեն, մինչև մահճակալ ազատվի, բայց եթե նույնիսկ բոլորին ժամանակին կարողանան տեղավորել՝ մասնագետները հիշեցնում են. վարակվածների 20 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր է ընթանում, 5 տոկոսը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Հովհաննես Մադոյան. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի տնօրեն. «Եթե նախկինում մենք խոսում էինք տարիքով պացիենտների մասին միայն, ովքեր ծանր են տանում, որ երիտասարդները ոտքի վրա են տանում, հիմա մեծ թվով ծանր և ծայրահեղ ծանր պացիետներ ունենք, ովքեր 60-ից երիտասարդ են, 40-ից երիտասարդ էլ ենք ունենում ծանր ընթացքով»:
Քնարիկ Սարգսյան. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի մոդուլային բաժանմունքի պատասխանատու. «Էստեղ հոսպիտալացվում են համեմատաբար ավելի կայուն վիճակում գտնվող պացիենտներ, բայց բոլորի մոտ հնարավոր է նաև բացասական դինամիկայի զարգացում, էս պահին պառկած հիվանդներից 6-ը ծանր վիճակում են, ովքեր ստանում են նաև թվվածնային թերապիա, մնացած բոլորը գտնվում են միջին ծանրությունից դեպի ծանր անցման ընթացքում»:
Թվերի այսպիսի աճը մասնագետները պայմանավորում են նաև պատերազմի ժամանակ մարդկանց զգոնության թուլացմամբ, ինչը պատերազմից հետո էլ այդպես մնաց: Ժամանակն է թե զգոնությունը, թե համակարգի պատրաստվածությունն ուժեղացնելու:
Հովհաննես Մադոյան. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի տնօրեն. «Պացիենտների թվի պակասի հետ թթվածնի կայանը կանգնացրինք, որ մեծ հոսանքի ծախս էր, իմաստ չուներ աշխատելը, բայց 3 օր առաջ ստիպված վերաբացել ենք, էլի իր ամբողջ հզորությունով ինքը աշխատում ա»:
Կարելի է ասել, որ սա քովիդի բռնկման երրորդ ալիքի սկիզբն է: Անհրաժեշտության դեպքում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորից մասնագետների խմբեր կուղղորդի Հայաստան, որպեսզի մեր մասնագետներին օգնեն՝ հաղթահարել ճգնաժամը:
Եգոր Զայցև. ԱՀԿ ներկայացուցիչ, Հայաստանի գրասենյակի ղեկավար. «Հայաստանի կառավարության հետ մենք գործակցում ենք տարբեր ոլորտներում՝ սկսած կլինիկական պրոտոկոլներից, մինչև բուժանձնակազմի հետ աշխատանք: Մենք բժշկական թիմեր ենք բերել Մեծ Բրիտանիայից, Իտալիայից,Գերմանիայից: Անհրաժեշտության դեպքում նորից կբերենք»:
Թե ինչ սահմանափակումներ կկիրառվեն մեր երկրում, պարզ կլինի առաջիկա օրերին վարակի տարածման տեմպից: Ամեն դեպքում այս շաբաթվա ցուցանիշները մասնագետների կանխատեսածից ավելի վատն էին: Եվ որ ամենամտահոգիչն է՝ մանկապարտեզից մինչև համալսարան, երեխաների ու երիտասարդների բոլոր տարիքային խմբերում վարակման դեպքերը կտրուկ աճել են: