2021-ի մարտի մեկը նշանավորվեց միանգամից երեք ակցիայով՝ Հանրապետության հրապարակում հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները՝ վարչապետից պահանջելով ոչ մի դեպքում հրաժարական չտալ, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա էին իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» համախոհները՝ պահանջելով վարչապետի անհապաղ հրաժարականը, իսկ արդեն Մատերադարանի հարակից տարածքում հավաք էր կազմակերպել «Ազգային ժողովրդական բևեռը»։ Վերջիններիս ակցիայի սակավամարդությունը, սակայն, այս գործողությունը թողեց լուսանցքում՝ քաղաքական ամբողջ լարումը բաշխելով Հանրապետության հրապարակի և Բաղրամյան պողոտայի միջև։
Թե՛ առաջինում, թե՛ երկրորդում և ոչ միայն մարտի մեկին, գլխադասային խնդիրը նախ իրավիճակն էր՝ կապված Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկի հետ։
Ընդ որում, թե՛ Հրապարակում, թե՛ արդեն դրան հետևած իրադարձությունների արդյունքում պարզ դարձավ, որ վարչապետ Փաշինյանն անդրդվելի է և պնդել ու պնդելու է Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու պահանջը։ Ավելին, վարչապետի խոսքով, այս պահանջի հիմնավորումներն ավելացել են ևս մեկով՝ Կառավարության հրաժարականի պահանջով հայտարարությունը տարածելիս Գլխավոր շտաբի պետն առաջնորդվել է մեկ մարդու պահանջով և այդ մարդը Գլխավոր հրամանատարը չէր։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Որոշումը այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսվել ու կատարվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ և հենց դա է դավաճանությունը։
Հասկանալի է, որ զուգահեռաբար անհնազանդության ակցիա անող ընդդիմությունը տրամագծորեն հակառակ տեսակետ էր պնդում։ Բաղրամյան պողոտայում հնչող ելույթների հիմքում ընկած էր թեզը, որ նախ՝ վարչապետն իրավասու չէ պաշտոնանկ անել ԳՇ պետին և, բացի դրանից, Գլխավոր շտաբի պետը, բացի ամենից, նույնպես քաղաքացի է և իրավունք ունի ունենալ տեսակետ։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության նախագահը ոչ միայն չպետք է ստորագրի գլխավոր զինվորականին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկը, այլև պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ խնդիրը մեկ անգամ և մեկընդմիշտ լուծելու ակնկալիքով։
Սեյրան Օհանյան (ՀՀ Պաշտպանության նախկին նախարար) - Բանակը ճիշտ է արել: Իրենք իրենց տեսակետն են արտահայտում ու ունեն դրա իրավունքը:
Սեյրան Օհանյանի այս պնդումը միանշանակ չընդունվեց, քանի որ, գոնե ըստ Սահմանադրության, զինվորականությունը քաղաքական դիրքորոշում հրապարակային արտահայտելու իրավունք չունի, hամենայնդեպս, Սահմանադրության 14 հոդվածի երկրորդ կետով:
ՀՀ Սահմանադրություն Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Այսուհանդերձ, խնդիրը մեկընդմիշտ լուծելու տարբերակին նախագահ Արմեն Սարգսյանը չգնաց՝ արդեն մարտի երկուսին հայտարարություն տարածելով, թե հրաժարվում է ստորագրել վարչապետի առաջարկը և դիմելու է Սահմանադրական դատարան, սակայն ոչ թե վարչապետի առաջարկի սահմանադրականությունը, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Այս որոշումը նախ՝ արժանացավ ընդդիմության կոշտագույն քննադատությանը, և նախագահը մեղադրվեց իշխող ուժի ճնշումներին տեղի տալու համար, ինչից հետո, սակայն, ընդդիմությունը զայրույթը փոխեց բարեհոգությամբ՝ հայտարարելով, թե նախագահի որոշման արդյունքում Գլխավոր շտաբի պետը կմնա իր պաշտոնում, քանի որ նրան պաշտոնանկ անելու այլ մեխանիզմ, բացի նախագահի ստորագրությունից, պարզապես չկա։ Եվ որքան էլ տարօրինակ հնչի, բայց ընդդիմության հետ չհամաձայնեց հենց Գլխավոր շտաբը, ավելի ճիշտ, տեղեկատվական վարչության պետը։
Սամվել Ասատրյանը տարածեց հայտարարություն, որում հղում անելով Սահմանադրության մի շարք հոդվածների, եկել էր եզրակացության, որ ազատման առաջարկի մերժումից հետո մինչև 8-օրյա ժամկետի լրանալը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը շարունակում է իր ծառայությունը և հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։ Այսինքն՝ մարտի 10-ին Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով այլևս չի պաշտոնավարելու։
Օրենքի ուժով, ի դեպ, քրեական գործ հարուցվեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ: Նախկին վարչապետը իր իսկ ելույթներում կոչ էր արել բանակին չենթարկվել գործող վարչապետին, ինչպես նաև պնդել էր, թե անհրաժեշտ է ապստամբության միջոցով վերցնել երկրի իշխանությունը: Ինքը՝ Մանուկյանը, ոչ միայն չընդունեց, որ բանակին ներքին քաղաքական կյանքին խառնվելու կոչ է արել, այլև, բնականաբար, հայտարարեց, թե իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում
Վազգեն Մանուկյան («Հայրենիքի փրկման շարժման» վարչապետի թեկնածու) - Բայց կան նաև պլան Բ: Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը: Ցուցմունք չեմ տալու, սա սովորական քաղաքական հետապնդում է:
Վերադառնալով մարտի մեկի ակցիաներին, հարկ է ընդգծել, որ գոնե Հանրապետության հրապարակում հնչեցին անկյունաքարային երկու թեզեր, որոնք, ըստ երևույթին, առաջիկայում կդառնան իշխող քաղաքական ուժի գործունեության առանցքը։ Նախ՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե օրակարգ է վերադարձնում Սահմանադրական փոփոխությունների խնդիրը։ Ընդ որում, հատկանշական է, որ խոսքը վերաբերելու է ոչ թե գործող Սահմանադրության ձևափոխմանն, այլ կառավարման համակարգի փոփոխությանն ընդհանրապես։ Խորհրդարանական կառավարման համակարգը, ըստ Փաշինյանի, պետք է փոխարինվի կիսանախագահականով։
Նիկոլ Փաշինյան - 2015 թվականին ընդունված Սահմանադրությունն ունի բազմաթիվ թերություններ: Ժամանակն է արձանագրել, որ պետք է հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով պետք է ընդունվի նոր Սահմանադրություն կամ փոփոխություններ: Որոշ հոդվածներ կարելի է փոխել ԱԺ-ում քվեարկությունների միջոցով:
Երկրորդ թեզը նորույթ չէր, ավելի ճիշտ՝ կրկնառաջարկ էր։ Փաշինյանը նախ՝ մատնացույց արեց, որ անցած չորս ամսվա ընթացքում ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց կազմակերպել այնպիսի բազմամարդ հանրահավաքներ, որ դրանք ի ցույց դնեին կառավարող ուժի հեռացման պահանջի համաժողովրդականությունը։
Այնուհանդերձ, վարչապետը հայտարարեց, թե անկախ դրանից, երկրորդ անգամ է առաջարկում ներքին քաղաքական լարվածությունը նվազեցնելու լավագույն միջոցներից մեկը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հենց դրանց արդյունքում էլ ժողովուրդը պիտի ինքը որոշի, թե քաղաքական որ ուժերին է վստահում երկրի ապագան կամ որ ուժերն այլևս անելիք չունեն։ Իսկ որպեսզի այս առաջարկը վերածվի արդեն քաղաքական օրակարգի, անհրաժեշտ է, որ արտահերթ ընտրությունների գաղափարին համաձայնեն խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը», որոնց հետ խորհրդակցություններն, ըստ երևույթին, կսկսվեն արդեն գալիք շաբաթ։