Համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում են, թե ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանել են եղելությունը։
«Քաղաքացու վարորդականում սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդավայր նշվել է Հայաստան։
Պառավաքար համայնքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք»,- պարզաբանել են մարզպետարանից։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև վարորդականի տիրոջ հետ, ով նշել է, որ գաղափար չունի, թե իր վարորդականի լուսանկարը ինչպես է հայտնվել համացանցում։
«Իմ վարորդականի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Խնդիր չկա, ամեն տեղ գրված է Հայաստան, Armenia»։
Կենտրոնը հրապարակել է քաղաքացու վարորդական իրավունքի լուսանկարը։