Ազգային ժողովում եռօրյա քննարկումների ընթացքում պատգամավորների հնչեցրած դիտարկումները պարունակում էին մտահոգություններ, որոնք տեղին էին, բարձրացվեցին նաև խնդիրներ, որոնք առնչվում էին արդարադատությանը և արդարությանը: Այդ մասին խորհրդարանում եզրափակիչ ելույթում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը:
«Եղան բուռն ելույթներ, դրությունը շիկացած էր, կար լարվածություն... ես բարձր եմ գնահատում այդ լարվածությունը, քանի որ դա ստեղծագործ լարվածություն էր, ինչը ոչ թե մտահոգության, այլ բարձր հավանության առարկա է:
Պետական իշխանության թևերի միջև ստեղծագործ լարվածությունը վկայում է, որ նրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ ենթակայություն և գերակայություն չունի, նրանք հավասարը հավասարի նկատմամբ ունեն ազդեցության լծակներ: Իշխանության մի թև հարկադրում է իշխանության մյուս թևին հանդես գալ հանրության առջև հաշվետվողականությամբ: Սա վկայում է, որ իշխանության թևերը հավասար են, նրանք համագործակցում են, ներազդում են միմյանց վրա՝ հանուն երկրի առաջընթացի»,- ընդգծեց դատավորի թեկնածուն:
Նա կարծում է, որ դատական իշխանությունն անկախ է և չէր էլ կարող անկախ չլինել, քանի որ անկախությունը, ըստ նրա, դատական իշխանության գոյության միակ հիմնավորումն է:
«Ինձ համար կարևոր են դատական իշխանության անկախության բարձրացման ձգտումները: Բոլոր կողմերը՝ պատգամավորները, դատական իշխանության ներկայացուցիչները, պատրաստ են բարձրացնելու դատական իշխանության անկախությունը, որը չունի հստակ նիշ, որ կարելի է հասնել և բավարարվել: Դատական իշխանության անկախությունը միայն դատական իշխանության հոգսը չէ, դա կրում են իշխանության բոլոր թևերը և հանրությունը: Եվ այդ համոզմունքն եմ խորհրդարանից ինձ հետ տանելու և դնելու իմ մասնագիտական գործունեության հիմքում»,- նշեց Հայկյանցը: