Թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք` մաքսանենգների համար անցանկալի վերջաբանով: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ: Թմրանյութը հայտնաբերվել է Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում՝ խմորիչի անվան տակ տեղափոխված բեռի կազմում։
Փաթեթավորման հետ շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում:
Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա:
Հանցավոր սխեման բացահայտելիս համալիր գործիքակազմ է կիրառվել: Օգտագործվել է նաև շնագիտական կենտրոնի ներուժը․ կինոլոգների արհեստավարժությունն ու ծառայողական շների սուր հոտառությունը համադրվել են վերլուծական և զննման աշխատանքների հետ:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություն ունեցող 6 անձ ձերբակալվել է։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ` միշտ մեկ քայլ առաջ լինելով իրավախախտներից: