Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատպարտվել է 3 տարի ազատազրկմամբ, որից 2-ը՝ պայմանական, մեկը՝ իրական: Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել դատավորին կաշառելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Փարիզի դատարանի միջանցքներում օրերս լրատվամիջոցների կուտակումներ են եղել՝ նախկին նախագահից պարզաբանում կամ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Սարկոզին դատարանի դալիճը լքել է առանց բառ արտասանելու, այսօր արդեն բողոքարկել է դատավճիռն ու հայտարարել՝ պայքարը կավարտվի ՄԻԵԴ-ում: Մինչև այդ ֆրանսիացիներն այս օրերին փորձում են մարսել նախագահի ազատազրկման լուրը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականին Սարկոզին իր փաստաբանի միջոցով փորձել է ազդել այն ժամանակ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերի վրա և տեղեկություններ ստանալ իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի վերաբերյալ: Տեղեկությունների դիմաց Ֆրանսիայի նախկին ղեկավարը Ազիբերին բարձր պաշտոն է խոստացել։
Գործի երկու այլ մեղադրյալներ՝ Սարկոզիի նախկին փաստաբան Թիերի Էրզոգը և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերը, մեղավոր են ճանաչվել մասնագիտական գաղտնիքները հրապարակելու համար և դատապարտվել են համանման ժամկետների:
Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ առաջին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել, Ժակ Շիրակն էր, որը 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար 2011 թվականին։ Շիրակը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 1977-95 թվականներին, որպես Փարիզի քաղաքապետ, պաշտոնավարման ժամանակ հանրային միջոցները վատնելու և վստահությունը չարաշահելու համար։