Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ճեպազրույցում ասել է, որ առայժմ հնարավոր չէ խոսել Սիրիայում վերջերս կատարված ավիահարվածների «շոշափելի» արդյունքի մասին: ԱՄՆ իշխանությունները, այնուամենայնիվ, հայտարարում են, որ հասել են նպատակին, տեղեկացնում է ТАСС-ը:
«Մենք հստակ ազդեցություն չենք տեսել... Այնուամենայնիվ, ավիահարվածի միջոցով հույս ունեինք հասնել մեկ նպատակի՝ կանխել ապագա զինված կազմավորումների կողմից մեր մարդկանց, մեր օբյեկտների, իրաքցի գործընկերների վրա հարձակումները: Հուսով ենք, որ արդյունքի հասել ենք»,- ասել է Պենտագոնի խոսնակը:
ԱՄՆ զինված ուժերը փետրվարի 26-ի գիշերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին: Հարձակման հրահանգը տվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Ամերիկյան զինված ուժերի թիրախն Իրանից աջակցություն ստացող աշխարհազորայիններն էին: Ավիահարվածի արդյունքում զոհվել էր 17 մարդ: Պենտագոնը բացատրել է, որ դրանք պատասխան հարվածներ էին Իրաքում ԱՄՆ-ի ու կոալիցիայի ներկայացուցիչների դեմ վերջին հարձակումներին: