Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի և Տավուշի մարզի համագործակցությունը 13 տարվա պատմություն ունի: Նահանգի ընդհանուր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի օրոք սկիզբ առած համագործակցությունն ի սկզբանե նպատակ է ունեցել Տավուշի մարզի բնակչությանն աջակցել գյուղատնտեսության ոլորտում:
Նախաձեռնության թիրախը եղել են ոռոգման ենթակառուցվածքների բարելավումը, ագրոբազաների կառուցումը, անասնապահության, տնկարանային տնտեսության խթանումը և աշխատատեղերի ստեղծումը: «ՀիմնաՏավուշ» ծրագրի փոխնախագահ Միշել Պազումյանը ծրագրում ներգրավված է եղել համագործակցության առաջին օրվանից, ասում է՝ Հայաստանը գյուղատնտեսության զարգացման մեծ նախատիպ ունի:
Միշել Պազումյան (Հայաստան համահայկական հիմնադրամի «Հիմնա-Տավուշ» ծրագրի փոխնախագահ) - Առաջին հերթին մենք սկսեցինք կառուցել 30 կմ երկարությամբ ոռոգման խողովակներ՝ գյուղացներին հնարավորություն տալով ոռոգել իրենց այգիները, ցանել ցորեն, եգիպտացորեն և այլ բարիքներ: 4 տարի անց մենք Լուսաձորում կառուցեցինք անասնապահական ֆերմա, որն այսօր ունի 300 կով: Սկզբնական շրջանում բարձր կաթնատվությամբ կովերը բերեցինք Ավստրիայից: 5 տարի առաջ հիմնեցինք պանրի արտադրամասը, որն այսօր արտադրում է մոտ 60 տոննա պանիր, նպատակ ունենք հասցնել 120 տոննայի։ Պանիրը վաճառվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտահանվում է Մոսկվա և մեծ պահանջարկ ունի:
Ծրագրի իրագործման համար Օ դը Սեն դեպարտամենտը տարեկան տրամադրում է 500000 եվրո, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 300000 եվրո: Նախաձեռնությունը ներառում է նաև սերմերի, բերքատու ծառերի տրամադրում և տնկում։
Սուրեն Գևորգյանն արդեն 31 տարի է, ինչպես ինքն է ասում, մի ոտքով Տավուշում է, մյուս ոտքով՝ Ֆրանսիայում։
Սուրեն Գևորգյան (Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, «Հիմնա-Տավուշ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մեր ֆերման պետք է դառնա ֆերմա-դպրոց, բայց ֆրանսիական տարբերակով, ֆրանսիացի մասնագետներով, անշուշտ։ Սա շատ կարևոր է. պետք է երիտասարդներին սովորեցնենք, թե ինչպես կարող են գյուղատնտեսությունը զարգացնել, և թող հետաքրքրվեն։ Ես 13 տարի է, ինչ գյուղատնտեսության մեջ եմ, և իմ աչքով համոզվել եմ, որ եթե մարդ լավ աշխատի, կարող է շահավետ գործ ունենալ։ Օրինակ՝ մեկ արքայանարնջի ծառը տարեկան 250 կգ բերք է տալիս:
13 տարվա ընթացքում 25 գյուղի բնակիչների տրամադրվել է մոտ 80000 բերքատու ծառերի տնկի և 70000 կգ սերմ։ Շրջանը հայտնի է, հատկապես արքայանարնջի առատ բերքով, որը սպառվում է, ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանվում է Վրաստան: Ծրագրի շրջանակում բերքատու ծառերով է ապահովվել ավելի քան 7000 բնակիչ: