Եթե խորհրդարանական ընդդիմադիրներն ընդունեն իշխանության առաջարկը, ապա այս տարի հնարավոր կլինի կազմակերպել արտահերթ ընտրություններ՝ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով Արման Բաբաջանյանի հարցին։ Փաշինյանը տեղեկացրեց՝ հրավերն արդեն արել է, առաջիկա օրերին էլ հանդիպելու է խորհրդարանական ուժերի ղեկավարներին, հույս ունի, որ համաձայնություն ձեռք կբերեն։
Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերն արտահերթը պետք է դիտարկեն որպես հանրային համերաշխությունը վերականգելու միջոց։ Իսկ կառավարությունն ու քաղաքական ուժերը լինեն երաշխավորը, որ դրանք կանցնեն ազատ, արդար ու օրինական պայմաններում՝ ընդգեց վարչապետը։ Խոսելով կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու իր հայտարարությունից՝ ասաց՝ դա կորոշվի հանրային քննարկման արդյունքում, մայր օրենքի փոփոխությունը չի կարող լինել ի հեճուկս, այն պետք է համաձայնեցնել բոլորի հետ։
Մարտի 1-ի հանրահավաքում վարչապետի ելույթի մասին սա միակ հարցը չէր։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջեց ապացույցներ ներկայացնել, որ Գլխավոր շտաբի պետը փետրվարի 25-ի հայտարարությունն արել ու վարչապետի հրաժարականը պահանջել է Սերժ Սարգսյանի հրամանով, ինչպես ասում էր Փաշինյանը։ Արձագանքի համար ամբիոնին փոխվարչապետը մոտեցավ՝ շեշտեց՝ ի գիտություն ընդունեք արդեն ասվածը ու եթե հարկ լինի հավելյալ պարզաբանել, վարչապետը դրան կանդրադառնա։
Գլխավոր շտաբի հայտարարությունից էլ մեջբերում արեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորԱնի Սամսոնյանը, շեշտելով՝ ոչ թե հրաժարականի պահանջը, այլ դրան նախորդող ձևակերպումները, որ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ: Հարցին փոխվարչապետն արձագանեց՝ նկատեց՝ սա խնդրահարույց հայտարարություն է, առաջինը սահմանադրության տեսանկյունից, որի 14-րդ հոդվածով Զինված ուժերը պարտավոր են պահպահել քաղաքական զսպվածություն։
«Լուսավոր Հայաստանն» այսօր գրեթե ողջ կազմով էր հերթագրվել։ Արկադի Խաչատրյանն էլ «Իսկանդերի» թեման հիշեց, վարչապետի հարցազրույցը, որ այն պայթել է միայն 10 տոկոսով։ Չէի՞ք կանխատեսում, որ այդ հայտարարությունը Մոսկվայում նման վրդովմունք կառաջացներ՝ հարցրեց պատգամավորը։
Տարոն Սիմոնյանն էլ սահմանային հարցերին վերաբերող փաստաթղթից խոսեց, որ դեռ դեկտեմբերին հրապարակվել էր համացանցում։ Արդյո՞ք պաշտոնական Երևանը դրել է իր ստորագրությունը նման փաստաթղթի տակ՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։ Ավինյանն արձագանքեց՝ Սյունիքի մարզի ճանապարհներին վերաբերող հայտարարություն ՊՆ տարածել էր դեկտեմբերի 19-ին, բացատրել, թե ճանապարհի որ կողմում ում զորքերն են տեղակայվում, ինչ կարիք կա թեման անընդհատ քննարկել։
Արտաքին գործերի նախարարն էլ անդրադարձավ Ալիևի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին ու պատերազմից հետո Խծաբերդում գերեվարվածներն «ահաբեկիչ դիվերսանտներ» են։ Այվազյանը շեշտեց՝ հումանիտար հարցի քաղաքականացումն անընդունելի է։
Նախարար Արշակյանն էլ հերթական անգամ հերքեց այն կարծիքը, թե Աբու Դաբիի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի տաղավարը դատարկ է եղել, երկիրն էլ պատշաճ չի ներկայացվել։ 4 տասնյակից ավելի ռազմարդյունաբերողներ են հանդես եկել այնտեղ՝ ասաց ոլորտային նախարարն ու նշեց, որ ծառայողական քննություն է սկսվել՝ պարզելու խնդիրների պատճառը։
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորի հարցին ի պատասխան էլ փոխվարչապետ Ավինյանն անդրադարձավ օրերս կորած ինքնաթիռի ճակատագրին։ Ընկերությունը դիմել է քաղավիացիայի կոմիտե, որ թույլտվություն ստանա 1 դատարկ թռիչք իրականացնել էստոնիայից Ուկրանիա։ Բայց, ըստ Ավինյանի, ինքնաթիռը խախտել է նախապես ստացած թռիչքի ուղղության թույլտվությունը, նախ դեպի Վառնա է թռչել, հետո ուղղություն վերցրել դեպի Շարժա, ու դեռ չպարզված հանգամանքերում վայրէջք կատարել Իրանի «Մեյրաբադ» օդանավակայանում։
Ավինյանը տեղեկացրեց՝ հենց այս պահին ընթանում են բանակցություններ, որ օդանավն այսօր վերադառնա Երևան։