Նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի տարածած հայտարարությանը խորհրդի մյուս անդամները ծանոթ չեն եղել, այն բացառապես Ռուբեն Վարդազարյանի նախաձեռնությունն է: Խորհրդարանի ամբիոնից տեքստի հեղինակը խոստովանեց՝ այն որևէ անդամի հետ չի համաձայնեցրել:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից 5 օր անց ԲԴԽ նախագահը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դատավորներին զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։ Վարդազարյանը շեշտել էր՝ այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանն ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ:
Թեև օրենսդիրի օրակարգում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները քննարկելու հարցն է, սակայն նրանց ներկայացնող ԲԴԽ նախագահին արդեն երկրորդ օրն է իշխանական պատգամավորները հարցեր են ուղղում միայն այդ հայտարարության առնչությամբ: Նրանց գնահատմամբ՝ դա քաղաքական հայտարարություն էր, մարտակոչ, որն է՛լ ավելի սրեց ադ օրերին երկրում առանց այդ էլ սրված մթնոլորտը:
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած հայտարարությանը զուգահեռ՝ նոյեմբերի 15-ին դատարանում քննվում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կալանքի միջնորդությունը: Նույն օրն Ազգային անվտանգության ծառայությունը Վանեցյանին մեղադրանք էր առաջադրել իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու հոդվածներով: Պատգամավորները կարծում են, որ Վարդազարյանի հայտարարությունն ուղիղ կապ ուներ այդ գործի հետ: ԲԴԽ նախագահին հիշեցրեցին իր ընկերական կապն այսօր ընդդիմադիր դարձած ԱԱԾ նախկին տնօրենի հետ: ԲԴԽ նախագահը չհերքեց՝ Վանեցյանի հետ ընկերներ են 90-ական թվականներից մինչ օրս:
Վարդազարյ՞նը նույն հայտարարության առնչությամբ հնչած գրեթե բոլոր հարցերին տվեց նույն պատասխանը՝ քաղաքական հայտարարություն չի արել, իսկ նոյեմբերի 15-ի ուղերձը տեղ է հասել: Մթնոլորտն ավելի թեժացավ, երբ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմեց Վարդազարյանին՝ նրան կոչելով նախկին իշխանության կամակատար: Ապա միացրեց Ազգային անվտանգության ծառայության հրապարակած ձայնագրությունը, որն առնչվում է Արթուր Վանեցյանի քրեական գործին:
Բաբաջանյանը խնդրեց տեղեկացնել, թե սրճարաններում ի՞նչ քննարկումներ է ունենում դատավոր Կարինե Պետրոսյանի հետ, որը ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց է սկսել: Վարդազարյանը հայտարարեց՝ ինքը մտերիմ հարաբերություններ ունի Կարինե Պետրոսյանի հետ, իսկ իրենց քննարկումներից մանրամասներ չի պատրաստվում հանրայնացնել:
ԲԴԽ նախագահը պնդեց՝ դատական համակարգը միասնական է և համերաշխ, բայց ճանաչում է նաև վնգստացող դատավորների: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թեկնածուների ելույթներն այդպես էլ քննարկման չարժանացան: Նիստը կշարունակվի վաղը: