ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց ընդդիմության համակիրներից մեկի՝ դատական ակտի կայացմանը միջամտելու գործողությունների մասին՝ մեջբերելով ԱԱԾ հայտարարությունից մի հատված:
«Ինչպե՞ս եք վերաբերվում դատական ակտին միջամտելու՝ քաղաքացու գործին: Արդյոք քննե՞լ եք, արդյոք գոնե այս անգամ փորձե՞լ եք ծանոթանալ այս գործին: Որովհետև ոնց հասկացա` Դուք որևէ գործի չեք ուզում ծանոթանալ, որոնք քաղաքական են, հանրային լայն ուշադրության են արժանացել, վերաբերում են ՀՀ իշխանությունների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների, սպանությունների ու մահափորձերի»,- նշեց պատգամավորը:
«Եթե նախաքննությունը ապացուցի, որ Ձեր մեջբերած բառերը համապատասխանում են իրականությանը, ապա ամենայն խստությամբ եմ վերաբերվում և բացասական վերաբերմունք ունեմ նման երևույթների նկատմամբ: Դուք էլ եք պատկերացնում, որ այս փուլում բացի նրանից, որ իրավասու չեմ ծանոթանալ, նույնիսկ նախաքննական գաղտնիք է կազմում Ձեր ասածը: Եթե դա հաստատվի, իմ կարծիքով՝ պետք է լինի մեղադրական դատավճիռ, և այն անձինք, ովքեր խոսում են կամ որոնց միջոցով ստացել են իրենց համար բարենպաստ դատական ակտ, պետք է դատապարտվեն»,- նշեց Վարդազարյանը: