Վտանգավոր է, երբ արտախորհրդարանական ընդդիմությունը ուժային գործողությունների և բանակը ներգրավելու կոչեր է անում. Անդրանիկ Քոչարյան

ԱԱրևիկ Աբելյան

Մենք դասեր չենք քաղել 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից. քաղաքական պրոցեսների մեջ բանակին ներքաշել չի կարելի: Այդ մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ, ցավոք, հիմա էլ կան ուժեր, որոնք հույսը դնում են զինված ուժերի կիրառման վրա:

«Մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել այն դեպքում, երբ ուժային կառույցները չեն ներգրավվի քաղաքական գործընթացներին»,- ընդգծեց նա: 

Անդրադառնալով ԳՇ պետին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկությանը՝ Քոչարյանն ասաց, որ խորհրդակցել է իրավաբանների հետ, և այն ձևակերպումները, որոնցով վարչապետը երկրորդ անգամ է ուղարկել միջնորդությունը նախագահին, ոչ մի հնարավորություն չեն թողնում վերջինիս՝ չստորագրելու այն:

«Ուշացնելով՝ վտանգում ենք քաղաքական գործընթացները զինված որևէ դրսևորմամբ, ուստի նախագահը պետք է իր իրավական ակտիվ մասնակցությամբ կանխի որոշ քաղաքական գործիչների հնարավոր ուժային լուծումների նկատմամբ պատկերացումները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:  

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Քոչարյանը նշեց, որ պատրաստ են քննարկելու բոլոր առաջարկները, որպեսզի բացառվի իրավիճակի ուժային լուծումը, և երբ քաղաքական ուժերի պատկերացումները միտված կլինեն իրավիճակի մեղմմանը, կլինի կոնսենսուս: 

«Իշխանությունները պատրաստակամ են նման քննարկումների: Սակայն այս փուլում պետք է սկսել լարվածության թուլացման գործընթաց: ԼՀԿ-ի առաջարկը կարող է այդ գործիքներից մեկը լինել, բայց արտախորհրդարանական ընդդիմությունը ամեն օր կոչ է անում ուժային գործողությունների, կառույցների գրավման մասին, խոսում է պլան Ա, Բ-ի մասին, անընդհատ հայտարարում են բանակի ներգրավման մասին: 

Պետք է բանակին հանգիստ թողնել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը, բանակում այսօր կատարվում են բարեփոխումներ: Իսկ Վազգեն Մանուկյանն ասում է՝ բանակը պետք է ոտքի կանգնի, եթե չկանգնի, կկանգնեցնեք, բանակին կոչ է անում երկրի ղեկը վերցնել իր ձեռքը, ավելի վտանգավոր հայտարարություն չի կարող լինել»,- ընդգծեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում