ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անտրամաբանական է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին, դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։
«Ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի՝ այդ առաջարկով Էդմոն Մարուքյանը նորմալ է համարում՝ ԳՇ պետն ու ԳՇ պետի տեղակալը դառնում են քաղաքական գործոն, և իրենց նշանակումը, ազատումը պետք է դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել, և դա բնականաբար չի կարող արտահերթ ընտրությունների համար լինել նախապայման»,- հայտարարեց Ռուբինյանը՝ հավելելով, որ փոխարենը տրամաբանական կլիներ, եթե Էդմոն Մարուքյանը հայտարարեր առանց նախապայմանների արտահերթ ընտրությունների գնալու հուշագիր ստորագրելու պատրաստակամության մասին: «Այդ առաջարկի մեջ ոչ թե խնդիր եմ տեսնում, այլ՝ բացարձակ անընդունելի է»,- ասաց նա՝ մեկնաբանելով, որ զինվորականները չպետք է խառնվեն քաղաքականության մեջ, և որ դա անընդունելի է ժողովրդավարության համար:
Իրավիճակից դուրս գալու լուծումն էլ, ըստ Ռուբինյանի, հետևյալն է՝ կա՛մ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնի, կա՛մ նախագահը ստորագրի նրան պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկը: «Դրանից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- ասաց նա:
Ռուբինյանը նաև ընդգծեց, որ ԳՇ պետը եթե անգամ քաղաքական հայտարարություն է անում, կատարվածն ինքնաբերաբար անհամատեղելի է դարձնում իրեն զբաղեցրած պաշտոնի հետ: