Երևանի Հանրապետության հրապարակում այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը՝ ի հիշատակ Մարտի 1-ի և ներքաղաքական իրավիճակի լուծման ուղիների շուրջ: Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացվում է ամբողջությամբ:
«Հիմա այս թեմայով հետագա անելիքների մասին: Այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքներով ընդունվել է հետևյալ հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը: Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը՝ որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի Զինված ուժերի բնագավառում Զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական, այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:
Ժողովուրդ ջան, գիտեք, որ Հանրապետության նախագահն իմ միջնորդագիրն առարկություններով վերադարձրել է, և մենք առարկություններին պատասխանել ենք և միջնորդությունը հետ ենք ուղարկել Նախագահի աշխատակազմ: Հիմա Հանրապետության նախագահը պետք է կայացնի որոշում: Եվ ես հույս եմ հայտնում, որ Արմեն Սարգսյանը, լինելով բազմափորձ պետական գործիչ, կկայացնի այն որոշումը, որը բխում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի, պետության կայունության շահերից: Ես ասեմ, որ Հանրապետության նախագահը վատառողջ է, ես այսօր այցելել եմ նրան և ուզում եմ իմ և բոլորիս անունից առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:
Ժողովուրդ ջան, ես ուզում եմ արձանագրել նաև հետևյալը. իրականում պետք է, ի վերջո, խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ: Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում:
Իսկ մինչ այդ՝ մեր Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քվեարկության միջոցով: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ Ազգային ժողով-Կառավարություն-Հանրապետության նախագահ-քաղաքական ուժեր, աշխատենք՝ լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա՝ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունների և խորհրդակցությունների արդյունքում: Սա մի աշխատանք է, որը պիտի անենք: Այս թեմաները բազմիցս բարձրացվել են թե՛ քաղաքացիական հասարակության կողմից, թե՛ քաղաքական ուժերի կողմից, թե՛ Ազգային ժողովում են քննարկումներ տեղի ունեցել, Հանրապետության նախագահը նույնպես այդ թեմաներով խոսել է: Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը:
Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ նաև խոսել մի շատ կարևոր թեմայի մասին, որի շուրջ, ճիշտն ասած, այսօր չէի պլանավորում խոսել, բայց նաև պիտի խոսեմ: Դուք գիտեք, որ նախորդ տարեվերջին, որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց, ես առաջարկեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդ առաջարկն առաջին հերթին ուղղված էր խորհրդարանական ուժերին, և խորհրդարանական ուժերը հունվարին, փետրվարին, այսինքն՝ մինչև փետրվար շարունակաբար մերժում էին այդ առաջարկը: Եվ մենք ասացինք, որ եթե ընդդիմությունը, առավելևս՝ խորհրդարանական ընդդիմությունը և Վազգեն Մանուկյանի կողմից ղեկավարվող 17-ի շարժումը մերժում են այդ առաջարկը, ուրեմն իմաստ չունի, ի հեճուկս ամբողջ քաղաքական դաշտի, անել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Բայց այսօր խորհրդարանական ուժերից մեկի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարել է հետևյալը - ես սա շատ կարևոր եմ համարում - որ մենք դեռ այն ժամանակվանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկն արել ենք՝ ընտրություններ չանելու համար: Այսինքն՝ դա եղել է ձևական առաջարկ, մենք սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք էլ մերժել են, և մենք, այսպես ասած, ի սկզբանե պլանավորված ձևով մերժել ենք խորհրդարանական ընտրությունների առաջարկը:
Ես հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետևյալը, որ եթե խորհրդարանական ուժերը, առաջին հերթին խորհրդարանական ուժերը, կընդունեն մեր՝ դեռևս հունվարին, դեկտեմբերի վերջին ձևակերպած առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, մենք ասել ենք, մենք մեր խոսքի տերն ենք և, այո, այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույնկերպ, իր ազատ կամարտահայտմամբ, ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն:
Նրանք չկարողացան իրենց բոլոր հնարավորություններով հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իմ հրաժարականը: Նրանք չկարողացան դա անել: Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը և նետում եմ այս մարտահրավերը՝ դե եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք՝ ի՞նչ է պահանջում ժողովուրդը: Եվ որ ասում են՝ մենք ձևի համար ենք խորհրդարանական ընտրություններ առաջարկել, ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացել՝ մենք նույնիսկ այն ժամանակ կարգախոսների տարբերակներ էինք մտածել, և այդ կարգախոսների տարբերակներից մեկը հետևյալն էր, որ մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցենք «Վերջ թավիշին» կարգախոսով:
Ժողովուրդ, հետևյալն ասեմ. ես ձևակերպեցի, որ մենք համոզված ենք մեր ժողովրդի դիրքորոշումների մեջ, բայց դա նույնիսկ էական չէ: Ես ասել եմ և ասում եմ հետևյալը՝ դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի, և դուք, միայն դուք կարող եք ինձ հեռացնել այդ կարգավիճակից: Եվ ես ուզում եմ, ես անկեղծ եմ ուզում, որ ժողովուրդն այդ հնարավորությունը ստանա, քվեարկությամբ ստանա այդ հնարավորությունը, որպեսզի ես համոզված լինեմ: Ես այսօր ձեզանից ներողություն խնդրեցի: Ես ուզում եմ համոզված լինել, որ դուք ինձ ներում եք, որ դուք մեզ ներում եք և մեզ ներել եք: Եվ այդ մարտահրավերը ես նետում եմ խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ խորհրդարանանական ընտրությունների, և ես ձեզ խնդրում եմ, սիրելի ժողովուրդ, աջակցեք այս կոչին, աջակցեք այս կոչին: Մի՛ վախեցեք, դուխով իմ հզոր ժողովուրդ, աջակցեք այս կոչին:
Բայց էլի ուզում եմ ասել հետևյալը. այդ՝ ընտրություներ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի` որքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, ելույթներով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը: Որովհետև դուք պետք է հաղթեք: Հայաստանի Հանրապետությունում որևէ ուժ հաղթող պետք է չլինի, պետք է լինի միայն ու միայն մեկ ուժ` ժողովուրդը: Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, Զինված ուժերը, բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությանը: Ուրիշ տարբերակ պարզապես չկա:
Եվ ուրեմն՝ Կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜նք մենք և մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, կեցցե՜ Արցախը, կեցցե՜ հայությունը, կեցցե՜ մեր բանակը՝ մեր հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները և մեր զոհերը, նրանց հարազատները, նրանց մայրերը, նրանց հայրերը, նրանց կանայք և երեխաները:
Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և, եթե կարող եք, ներեցեք մեզ մեր բոլոր-բոլոր սխալները: Դե եթե լույսերը վառում եք, եկեք մեր լույսերը բոլոր վառենք և նվիրենք մեր զինվորների, մեր զոհված զինվորների, մեր զոհված սպաների հոգիներին, լույս իջնի, լույս իջնի ձեր հոգիների վրա:
Ժողովուրդ ջան, հանրահավաքը, ելույթը կենդանի օրգանիզմ է, և այսօր այնպես ստացվեց, որ ես շատ թեմաների չանդրադարձա: Մենք ունենք բազմաթիվ պրոբլեմներ: Մենք պետք է բազմաթիվ հարցեր լուծենք` առաջին հերթին մեր գերեվարված եղբայրների և անհետ կորածների հարցերը: Բայց այդ հարցերի հրապարակային քնարկումները, ճիշտն ասած, ես այդքան էլ նպատակահարմար չեմ գտնում: Ցավոք, փաստն այն է, որ մեր իրավիճակը, այո, նախորդ շաբաթվա իրադարձությունները որոշակի խնդիրներ են հարուցել այդ պրոցեսում, բայց չեմ ուզում մանրամասնել: Ուղղակի ուզում եմ, որ մեր գերեվարված եղբայրների ու քույրերի հարազատները, մեր անհետ կորած եղբայրների ու քույրերի հարազատները վստահ լինեն, որ մենք ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չենք մոռանում նրանց մասին, նրանց առաջ մեր ունեցած պարտավորությունների մասին: Ուզում եմ ասել` ձեր բոլոր ցավերն իսկապես մեր սրտում են, ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, և հավատացեք` մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտն է ցավում:
Հայկական ասացվածք կա՝ մի տնից չենք, մի հալի ենք, բայց սա այն դեպքն է, որ հենց մի տնից ենք: Որովհետև Հայաստանն իմ օջախն է, և ժողովուրդն իմ ընտանիքն է: Սա պետք է լինի, այո՛, պետք է շարունակի լինել մեր կարգախոսը: Եվ այդ ընտանիքում, այո՛, կլինի վեճ, այդ ընտանիքում կարող է լինել անախորժություն, այդ ընտանիքը կարող է ունենալ անհաջողություն, այդ ընտանիքը կարող է ունենալ պարտություն, բայց, ի վերջո, այդ ընտանիքում պետք է սերը, ներդաշնակությունը, երջանկությունը, միասնությունը, միասնության ուժը, հավատը ապրեն և վերականգնվեն:
Հանուն մեր նահատակների Հայաստանի Հանրապետությունում բռնությունը և բռնությունով քաղաքական հարցեր լուծելը, որևէ հարց լուծելը պետք է բացառվեն: Մենք Հայաստանի ներսում թշնամի չենք ունեցել, չունենք և չենք ունենալու, ինչը չի նշանակում, որ Հայաստանում չպետք է օրինականություն հաստատվի: Բայց Հայաստանի Հանրապետությունում, այս պահին եմ ասում, օրինականություն չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք, ժողովրդական կամքով իրար հետ, օրենսդրությամբ չենք բացառել դատական համակարգի և Զինված ուժերի քաղաքականացումը: Մենք նոյեմբեր-դեկտեմբերին տեսանք մի այսպիսի զազրելի երևույթ, երբ ոմանք փորձ էին անում քաղաքականացնել նաև դատական համակարգը: Ով ասում էր՝ վարչապետին ու կառավարությանը սպանելու ենք, ոչ միայն կալանք չէին տալիս, քիչ էր մնում՝ մի հատ էլ ինդուլգենցիա տան: Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը սպանել` ոչ, և ճշմարտությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են տանկերով, ժողովրդին տրորելով, ովքեր ուզում են բանակը հանել ժողովրդի դեմ, այդ մարդիկ պարտված են: Եվ այդ մարդիկ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չեն լինելու, որովհետև Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, միայնումիայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը:
Եվ կրկին, սիրելի ժողովուրդ, առաջարկում եմ, որ այսօրվա մեր հավաքն ավարտենք երթով: Բաղրամյան պողոտայում գտնվող մարդիկ մեր հարազատն են, մեր քույրերը և եղբայրներն են: Այո, նրանք մեր մասին վատ բաներ են ասում, բայց նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Դա կապ չունի: Ես առաջարկում եմ երթն անցկացնել հետևյալ երթուղով՝ Մաշտոցի պողոտայով կքայլենք, հետո կբարձրանանք Կորյունի փողոց, Աբովյան փողոցով կիջնենք, Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կդնենք Մարտի 1-ի զոհերին ի հիշատակ և հրաժեշտ կտանք իրար, կգնանք մեր գործերով, մեր տներով:
Եվ, ամենակարևորը, հավատացեք ժողովրդի ուժին: Որևէ մեկը չի կարող կանգնել ժողովրդի ուժի դիմաց` տանկով կլինի, ինքնաթիռով կլինի, ատոմային զենքով կլինի: Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է, և ժողովուրդը հզոր է, և ժողովուրդը հպարտ է, և ժողովուրդը հաղթելու է: Շնորհակալ եմ բոլորիդ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքն ավարտվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթով: Վարչապետը՝ երթի մասնակիցների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: