Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին անմիջապես հետևեց 20-րոպեանոց ընդմիջումը: Դահլիճում չէր նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանը: Դատական նիստից առաջ դատարանը ստացել էր Էրիկ Ալեքսանյանի դիմումը՝ նիստը հետաձգելու վերաբերյալ, նույն ժամին պաշտպանը մեկ այլ նիստի էր: Դատավոր Դանիբեկյանը, սակայն, նշեց՝ դատարանի աշխատակազմը Վերաքննիչ դատարանից տեղեկացել է, որ տվյալ գործով նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է: Ընդմիջումը պաշտպանի բացակայության պատճառները պարզելու և ներկայանալու հնարավորության համար էր:
Աննա Դանիբեկյան (դատավոր) - Վերաքննիչից Շենգավիթ անհրաժեշտ ժամանակը բավարար էր, որ 13:20-ին դատարանում լիներ: Հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա Էրիկ Ալեքսանյանի վարքագծին:
20 րոպե անց էլ պաշտպան Ալեքսանյանը ներկա չէր: Դատավորն արձանագրում է՝ փետրվարի 16-ից հետո պաշտպանը երկու անգամ հրատապ արտահերթ նիստ հրավիրելու դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի քննվի Արմեն Գևորգյանին՝ երկրից բացակայելու թույլտվության միջնորդությունը: Դատարանը տեղեկացրել է, որ նման սեղմ ժամկետում նիստ նշանակել հնարավոր չէ:
Աննա Դանիբեկյան - Հերթական նշանակված դատական նիստին, որի ընթացքում պետք է քննության առարկա դառնար նշված միջնորդությունը, չի ներկայացել: Նշվածը դատարանի մոտ տպավորություն է ստեղծում, որ այդ միջնորդությունները ներկայացվում են ոչ այն դատավարական նպատակի համար, որը նշված է միջնորդություններում:
Հարցը կքննարկվի հաջորդ նիստում, երբ ներկա կլինի Գևորգյանի պաշտպանը: Այսօրվա նիստը հետաձգվեց՝ կրկին առանց դատախազների միջնորդության քննության: Մեղադրողը պնդում է՝ պաշտպանները դատավարական հնարավորություններն օգտագործում են ոչ իրավաչափ նպատակով:
Գևորգ Բաղդասարյան (դատախազ) - Մենք պնդում ենք մեր նախկինում ներկայացրած դիրքորոշումը: Սա իրավունքի չարաշահում է, սա պետք է ավարտվի, սրան պետք է վերջ տրվի, և դատական քննությունը պետք է տեղի ունենա բնականոն հունով: Պետք է տեղի ունենա դատաքննություն, պետք է ապացույցներ հետազոտվեն: Ինչու պաշտպանական կողմը շահագրգիռ չի էդ հարցում, իրենք ավելի լավ գիտեն, մենք էլ գիտենք, բայց ավելի ճիշտ կանեն դրա մասին խոսեն:
Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գործը 80 հատոր ունի՝ հիշեցնում է՝ Քոչարյանի պաշտպանն ու փորձում դրանով հիմնավորել բուն դատավարության ձգձգումը:
Արամ Վարդևանյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան) - Սա որոշակի հնարք է տեղեկատվական՝ պատրանք ստեղծելու, որ իբրև դատական պրոցեսը շատ դանդաղ է տևում և այլն: Մեր կողմից երբևէ բացարկ՝ կայացված որոշումների հետ համաձայն չլինելու համար, չի ներկայացվել: Դուք նման բացարկի միջնորդություն չեք տեսել, չեք էլ տեսնի:
Դատական պրոցեսն արհեստականորեն դանդաղեցնելու դիտավորություն կա՞, թե՞ ոչ՝ կորոշի դատարանը, երբ քննի մեղադրող կողմի՝ իրավունքի չարաշահման վերաբերյալ միջնորդությունը: Ի դեպ, այն ներկայացվել է դեռ փետրվարի 2-ին: