Ձախ արմատական ահաբեկչությունը հերոսացնելու և միապետությունը վիրավորելու համար ձերբակալված ռեպեր Պաբլո Ասելին աջակցող բողոքի ցույցերն Իսպանիայում վերածվել են անկարգությունների: Մոտ 30 մարդ է վիրավորվել, ութը հոսպիտալացվել է` հայտնում է РИА Новости-ն:
Արմատականները շրջել և այրել են տարաներ, տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահներն էլ մահակներ ու ռետինե փամփուշտներ են օգտագործել:
Ռեփերը դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման: Նա պետք է անցած ուրբաթ ինքնակամ ժամաներ բանտ, բայց հրաժարվել է դա անել և երկուշաբթի մոտ 50 կողմնակիցների հետ փակվել է Լյեյդի համալսարանում: Երեքշաբթի առավոտյան նրան ձերբակալել են:
Խռովարարին աջակցություն են հայտնել Իսպանիայի մշակույթի հարյուրավոր գործիչներ, իսկ իշխանությունը որոշել է վերանայել ազատ խոսքի համար նախատեսված պատիժը: