Եթե այս շենքի տեղում դպրոցի նախկին շենքը լիներ, մի քանի օր առաջ, երկրաշարժի ժամանակ գուցե փուլ գար՝ ասում է տնօրենը: Երևանի 135-րդ դպրոցն է: Վթարային հին շենքն ամբողջությամբ քանդվել, տեղում նորն է կառուցվել:
Գարեգին Ներսիսյան (Երևանի Գ. Ստեփանյանի անվ. 135-րդ դպրոցի տնօրեն) - Երկրաշարժի ժամանակ փաստորեն փորձարկեցինք, ամուր, շատ լավ մնաց, ոչ մի ճաք, ոչ մի բան չկա:
Սա Հայաստանի այն 46 դպրոցից մեկն է, որ կառուցվում կամ վերականգնվում են Ասիական զարգացման բանկի և Հայաստանի կառավարության միջոցներով: ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող, 107 մլն դոլար արժողությամբ ծրագիրը սեյսմիկ անվտանգության բարելավման նպատակ ունի:
Գարեգին Ներսիսյան - Չորս տարուց ավելի տևել ա ամբողջ գործընթացը, ասեմ, որ արժեր ավելիին էլ սպասել՝ հետագայում հաջորդ սերունդներին նման դպրոց թողնելու համար:
Աշակերտները և ուսուցիչներն ընդամենը օրեր առաջ են տեղափոխվել դպրոցի նոր շենք: Հնի հետ համեմատության եզրեր չեն էլ փնտրում: Նախկին շենքի սեյսմակայությունը 4-5 բալ էր գնահատվել, այս մեկինը՝ 9: Երկրաշարժի, հրդեհի դեպքում աշակերտները կկարողանան կառույցը լքել դպրոցի 10 մուտքերից:
Անկախ նրանից՝ դռները բաց կլինեն, թե փակ, անհրաժեշտության դեպքում արագ կբացվեն, վստահեցնում և ցույց է տալիս տնօրենը: Ապակիները ջերմակայուն են ու հրակայուն: Տարիներ տևած շինարարության ժամանակ մեկ անգամ չի եղել, որ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով որոշ հատվածներ քանդվել, նորից են կառուցվել:
Գարեգին Ներսիսյան - Ամբողջ շինարարական ընթացքոին մասնակցել եմ: Ասեմ, որ Ասիական բանկը շատ մանրամասն հսկում էր այդ ամենը՝ դրսից եկած մասնագետների միջոցով և մեզ մոտ բավականին սյուներ, որոնք չէին համապատասխանում իրենց նորմաներին, քանդվել, նորից են սարքվել:
2015 թվականից մեկնարկած այս ծրագրով կառուցվող բոլոր դպրոցներն ունենալու են վերելակներ, հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց: Լաբորատորիաները ունենալու են ենթակառուցվածքներ՝ սարքավորումների օգտագործման համար։ Այս բոլոր դպրոցները սեյսմակայուն են՝ մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում։
Գառնիկ Հովակիմյան (շինարարական ընկերության տնօրեն) - 9 բալի դեպքում կարող են ներսից դուրս չգալ ուղղակի: Ընդհանուր երկաթ-բետոնի շապիկներ են, մի խոսքով, շատ ամուր, սեյսմակայուն շենք է:
Սա արդեն Երևանի 51-րդ դպրոցն է: Շահագործման կհանձնվի ապրիլին:
Ծրագրի ավարտին նոր ու անվտանգ դպրոցում կսովորի 20 հազար աշակերտ: Այս պահին ընթանում է 13 դպրոցի շինարարություն: Արդեն կառուցվել և շահագործման են հանձնվել Կապանի, Գավառի, Խարբերդի, Վանաձորի և Երևանի 5 դպրոց։
Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ամենաակտիվ փուլն է, և այս տարին ու հաջորդ տարին կլինի նոր դպրոցների, վերակառուցված դպրոցների բավականին ակտիվ տարիներ:
Հանրապետությունում 425 վթարային դպրոց կա: Առաջին 46-ի ընտրությունը կատարվել է ըստ վտանգավորության աստիճանի:
Սուրեն Պապիկյան - Սա միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկ է՝ 90 տոկոսը հաստատվել է դեռևս մեր կառավարությունից առաջ, բայց ծրագրի իրականացման փուլը մեր օրոք է սկսվել:
Այս տարի շահագործման կհանձնվեն նաև Երևանի 51-րդ և Եղեգնաձորի 1-ին դպրոցները։ Իսկ ծրագրի հաջողության դեպքում, նախարարի խոսքով, նման նոր նախագծեր կարող են իրականացվել: