«Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանն այսօրվա նիստում առարկեցին պաշտպանական կողմի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ գնահատելով այն իրավունքի չարաշահում և խնդրելով այն թողնել առանց քննության: Գևորգ Բաղդասարյանը նշեց, թե իրավունքի չարաշահման մասին խոսելիս մինչև հիմա հակափաստարկ է բերվել, թե չկան համապատասխան իրավակարգավորումներ: «Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումներից մեկում հստակ սահմանել է, թե ինչ օրինակներ կարող են ունենալ իրավունքի չարաշահումները»,- նշեց դատախազ Բաղդասարյանը՝ մեջբերելով փաստաթղթից հատվածներ: «Գլխավոր չափանիշն այն է, որ դատավարական գործիքներից օգտվող անձն ունենում է այլ նպատակներ, քան կարող է հետապնդել կոնկրետ դատավարական գործողությունը»,- հայտարարեց դատախազը՝ բերելով մի քանի օրինակ:
Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նշեց, թե 18 ամիս գտնվում են դատաքննության նախապատրաստության փուլում: «Շուրջ 45 անբովանդակ դատական նիստ ենք ունեցել, 18 ամիս շարունակ քննարկում ենք այսպիսի միջնորդություններ: Գրեթե 6 անգամ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է քննարկվել, մեր խորին համոզմամբ, այս մարտավարությունը պաշտպանության կողմից ծառայեցվում է բացառապես ոչ դատավարական նպատակների, այլ՝ դատական նիստերը որևէ ձև տապալելու և գործընթացն այս իրավիճակում բերելու համար»,- նշեց դատախազը՝ հիշեցնելով, որ քննարկվում է բացառապես դատական նիստը հետաձգելու, նախագահող դատավորին ինքնաբացարկի, դատախազների բացարկի և նմանատիպ միջնորդություններ:
«Մենք միջնորդում ենք արձանագրել պաշտպանության կողմից իրավունքի չարաշահման փաստը, այս ինքնաբացարկի վերաբերյալ հարուցված միջնորդությունը թողնել առանց քննության»,- ասաց նա՝ դատարանին խնդրելով այս գործողությունների հանդեպ ցուցաբերել հետևողականություն և ինչ-որ ձևով սահմանափակել միջնորդությունները: «Որպեսզի կարողանանք դատական քննություն ապահովել և ողջամիտ ժամկետներում արդար դատաքննություն իրականացնել»,- ասաց դատախազը: