Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար կլինեն առանձին դատավորներ. նախագիծն ԱԺ-ում է

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում տարիներ շարունակ քննարկվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, քրեական գործերի քննության ինստիտուտներն իրարից տարանջատելու հարցը՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը ներկայացնելիս:

Բադասյանի խոսքով՝ գործի քննությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունից պետք է տարանջատվի, քանի որ այս երկու ինստիտուտների առաջ տարբեր նպատակներ են դրված:

«Առաջարկում ենք Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առանձնացնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, քրեական վարույթի նկատմամբ՝ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունների քննությունը: Այսինքն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կունենանք առանձին դատավորներ, որոնք քննելու են բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունների միջնորդությունները: Հաշվի առնելով մարզերի առանձնահատկությունները, քրեական գործերի ավելի քիչ ծանրաբեռնվածությունը՝ ի տարբերություն Երևանի, առաջարկում ենք, որ մարզերում քրեական գործեր քննող առանձին դատավորներ՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, մասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով»,- ասաց Բադասյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ նույն առաջարկով հանդես են գալիս նաև Վերաքննիչ քրեական դատարանի դեպքում: Այստեղ էլ առաջարկվում է դատավորի հաստիք ավելացնել և գործող դատավորներից ևս երեք հոգու ընտրել, որոնք քրեական գործերով արդարադատության իրականացումից բացի կմասնագիտանան նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով: Առաջարկվում է առաջին ատյանի դատարաններում ավելացնել առնվազն 17 դատավոր, որոնցից 8-ը՝ Երևանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում