Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի ու Բայդենի հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիրը երկարաձգելու հարցը, կորոնավիրուսի դեմ պայքարը, առևտրատնտեսական ոլորտում ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության հնարավորությունները՝ տեղեկացնում է INTERFAX-ը:
Բացի այդ խնդիրներից՝ Պուտինն ու Բայդենն անդրադարձել են «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու թեմային, իրանական միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների ծրագրի պահպանմանը, ուկրաինական հարցի կարգավորման խնդրին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությանը:
Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների զրույցը կրում էր գործարար և անկեղծ բնույթ: «Պայմանավորվածություն ձեռք բերվեց պահպանել շփումները»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: