Արդեն փետրվարին ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կդրվի նախ՝ հանրային քննարկման, ապա շրջանառության մեջ։ Դրան զուգահեռ, խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է Աժ-ում քննարկել սահմանադրական որոշ փոփոխություններ իրականացնելու հարցը՝ խմբակցության նիստից հետո ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ փաթեթները փոխկապակցված են:
Այսօր քննարկված գաղափարներից Դանիելյանն առանձնացրել է արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարշավի ժամկետը երկարաձգելու հարցը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման խնդիրը։
Պատգամավորը, սակայն, նշել է, որ առանց հանրաքվեի և միայն խորհրդարանում սահմանադրական փոփոխություն կատարելու համար հարկավոր է 88 ձայն, իսկ «Իմ քայլն» այսօր 83 պատգամավոր ունի։
«Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունը կարող ենք անել ԱԺ-ում, պետք է ասեմ, որ դա միայն «Իմ քայլի» որոշելիքը չի, որովհետև նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետևաբար նաև ընդդիմությունը պետք է իր տեսակետը հայտնի, հետևաբար, մենք շատ վաղ փուլում ենք, որպեսզի ես կարողանամ որևէ հստակ տեղեկատվություն տրամադրել»,- ասել է Դանիելյանը: