Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի ղեկավար Էդուարդո Պաեսը հայտարարել է այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտնի կառնավալից հրաժարվելու որոշման մասին՝ տեղեկացնում է interfax-ը:
2020-ի սեպտեմբերին Ռիո դե Ժանեյրոյի Սամբայի դպրոցների անկախ լիգայի ղեկավարությունը, որը պատասխանատու է կառնավալը կազմակերպելու համար, հայտարարեց, որ ավանդաբար փետրվարին նշվող տոնը կհետաձգվի: Այսօր արդեն հայտարարվում է այն չեղարկելու մասին:
Համաձայն Worldometer վիճակագրական կայքի՝ Բրազիլիան կորոնավիրուսի առավել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրների եռյակում է: COVID-19 համաճարակի սկզբից մինչև օրս այդ երկրում հայտնաբերվել է վարակի 8,7 միլիոն դեպք, մահացել է 214200 հիվանդ, առողջացել է գրեթե 7,6 միլիոն մարդ: