ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկություններին: «Մենք բովանդակային աշխատանքներին չենք մասնակցել, տրամաբանորեն՝ նաև քվեարկություններին չենք մասնակցի»,- իրենց որոշումը մեկնաբանել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
Նա ասել է, որ ԲՀԿ-ն վերապահումներ ունի թեկնածությունների հետ կապված: Հարցին ի պատասխան՝ թեկնածուներից ում վերաբերյալ է վերապահումը, Տոնոյանը չի մանրամասնել. «Ես այլ մանրամասներ այս պահին չեմ ներկայացնի, քանի որ չունեմ նման կոմպետենցիա»:
Տոնոյանը նաև ասել է, որ, իրենց կարծիքով, ԲԴԽ անդամների ընտրությունը հիմա քննարկման կարևոր հարց չէ:
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի տեղերի համար առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:
Ավելի վաղ ԲԴԽ անդամության թեկնածուների քվեարկություններին չմասնակցելու մասին հայտարարել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: