ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման վերջին ժամերին ներման և պատժաչափի մեղմացման մի շարք որոշումներ է ընդունել:
Ներում է շնորհվել նաև Սպիտակ տան ղեկավարի նախկին օգնական Սթիվ Բենոնին՝ տեղեկացնում է reuters-ը: Նա ևս մի քանի ենթադրյալ հանցակիցների հետ մեղադրվում էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախաձեռնության շրջանակում հավաքված միջոցները յուրացնելու համար:
Ենթադրվում է, որ հանգանակված 25 միլիոն դոլարից հարյուր հազարներն ուղղվել են Բենոնի և նրա ընկերների անձնական ծախսերին: Բենոնն իրեն մեղավոր չի ճանաչել և ազատ է արձակվել 5 միլիոն դոլար գրավի դիմաց: Նա համարվում է պահպանողական շարժման կարևոր առաջնորդ և հայտնի է իր քաղաքական հոտառությամբ: Բենոնը եղել է Թրամփի 2016-ի նախընտրական արշավի գլխավոր դեմքերից մեկը, իսկ 2017-ի հունվար-օգոստոս ամիսներին՝ Թրամփի քաղաքական և ռազմավարական հարցերով ավագ խորհրդականը:
Թրամփն արդեն ներում է շնորհել իր նախկին մի շարք գործընկերներին, այդ թվում՝ Մայքլ Ֆլինին, Ռոջեր Սթոունին և Փոլ Մանաֆորտին, որոնք դատապարտվել էին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակում: