Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն «կարմիր գծերը». ՀՀ ԱԺ-ն 84 կողմ և 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Նշենք, որ Երևանի 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը: